Կայացել է Հայաստանի վոլեյբոլի Մ-16 առաջնությունը

Կայացել է Հայաստանի վոլեյբոլի Մ-16 առաջնությունը

Հայաստանի վոլեյբոլի մինչև 16 տարեկանների առաջնությանը մասնակցել են տղաների 9 և աղջիկների 6 թիմեր, որոնց թվում՝ մեկական թիմ Արցախից: Թիմերը մեդալների համար պայքարը սկսել են՝ նախ մրցելով ենթախմբերում, ապա տեղի են ունեցել կիսաեզրափակիչ և եզրափակիչ խաղերը:

Տղաների առաջնության եզրափակչում մրցել են մարզային՝ «Վանաձոր» և «Սիսիան» թիմերը. 2:0 հաշվով առավելության է հասել «Վանաձորը»: Երրորդ մրցանակակիր է դարձել «Շենգավիթը», որը մեդալային խաղում 2:0 հաշվով առավելության է հասել «Արաբկիրի» նկատմամբ: Աղջիկների պայքարում ի սկզբանե ֆավորիտ է եղել «Ավան» թիմը, որը բոլոր խաղերում հաղթել է 2:0 հաշվով և դարձել չեմպիոն: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար «Գեղաշենը» և «Արցախը»:

Մրցանակակիրները ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչների և ՀՎՖ նախագահության կողմից պարգևատրվել են գավաթներով, մեդալներով, պատվոգրերով և հատուկ նվերներով։

Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանն առաջնության մակարդակը գոհացուցիչ է համարում. «Հայաստանի պատանեկան հավաքականը մարտին մեկնելու է Վրաստան՝ մասնակցելու Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության առաջին փուլին։ Այս և ավելի վաղ կայացած Սերգեյ Արակչյանի անվան պատանեկան առաջնությունների արդյունքներով նպատակ ունեինք ձևավորելու հավաքական թիմը։ Մրցաշարի մակարդակից գոհ ենք: Լավագույն արդյունք գրանցած վոլեյբոլիստները կընդգրկվեն հավաքականում»:

Հավելենք, որ ՀՎՖ-ն ծրագրում է այս տարի շուրջ 3 տասնյակ մրցաշար անցկացնել: Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի խոսքով՝ համապատասխան աշխատանքներն ընթացքի մեջ, մնում է՝ համավարակը չխոչընդոտի. «Համավարակով պայմանավորված երկարատև դադարից հետո վոլեյբոլիստներին նախկին ռիթմին և մարզավիճակին վերադարձնելու անհրաժեշտություն կա։ Նրանք պետք է հաջողություններ գրանցելու և Հայաստանը միջազգային ասպարեզում պատվով ներկայացնելու նպատակ ունենան: Ծրագրերը շատ են, մնում է՝ համավարակը կրկին չխանգարի»:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth