Կառավարությունը նախատեսում է բարձրացնել սուբվենցիայի տրամադրման գործընթացի արդյունավետությունը

Կառավարությունը նախատեսում է բարձրացնել սուբվենցիայի տրամադրման գործընթացի արդյունավետությունը

ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված Միջգերատեսչական հանձնաժողովի նիստի ընթացքում տրված հանձնարարականների կատարմամբ, ինչպես նաև ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ՀՀ պետբյուջեից սուբվենցիայի տրամադրման գործընթացի արդյունավետության բարձրացման նպատակով՝ փոփոխություններ և լրացումներ են կատարվել նախկինում ընդունած որոշման մեջ: Սուբվենցիայի տրամադրման գործընթացում անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության կողմից առաջնահերթ ոլորտների հստակեցման մասով, այդ թվում սուբվենցիայի ծրագրերում ներառելով այլ աշխատանքներ, համապատասխանաբար՝ փոխելով ՀՀ պետբյուջեի համաֆինանսավորման տոկոսները։ Մասնավորապես, առաջարկվում է հստակեցնել սուբվենցիոն նախնական հայտերի հետ ներկայացվող տեխնիկական բնութագրերի պահանջները․ քանի որ ՀՀ կառավարության թիվ 596-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական առաջադրանքի ձևաչափում ներառված չեն այլ ոլորտների բնութագրերը՝ ճանապարհների նորոգման, լուսավորության, գազամատակարարման, ջրամատակարարման մասով: Հաշվի առնելով, որ ներկայումս առկա են համայնքներ, որտեղ ավագանի չի գործում, հաշվի առնելով նախատեսվող համայնքների խոշորացման գործընթացները, և այն, որ մի շարք ավագանիների լիազորություններն ավարտվել են, իսկ նոր ընտրություններ արտակարգ և ռազմական դրության պայմաններում չեն անցկացվում, առաջարկվում է այն համայնքներում, որտեղ սահմանված կարգով չի ձևավորվել ավագանի՝ որպես բացառություն այդ համայնքներում նույնպես հնարավորություն տալ իրականացնելու կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների զարգացման ծրագրեր։ Առաջարկվում է համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի տրամադրման գործընթացում առանձնացնել համայնքային փողոցների սալապատման աշխատանքները, լրացնել նաև համայնքների գլխավոր հատակագծերի մշակման աշխատանքները, և միաժամանակ փոխել համայնքային ճանապարհների ասֆալտապատմամբ կառուցման և նորոգման, բազմաբանակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության տարրերի նորոգման ծրագրերով ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորման չափաբաժինները։ Ընդ որում, կարևորելով համայնքների գլխավոր հատակագծերի մշակման աշխատանքները, առաջարկվում է այն համայնքներում որոնք չունեն գլխավոր հատակագծեր՝ պետական բյուջեի համաֆինասնավորման չափաբաժինը նվազեցնել 5 տոկոսով։

Անդրադառնալով ընդունված որոշմանը, Նիկոլ Փաշինյանը նշել է. «Նախ վերջին տարիներին մենք սուբվենցիաներով շատ ակտիվ աշխատեցինք, և կարելի է այդ աշխատանքն ընդհանուր առմամբ արդյունավետ համարել: Բայց հիմա մենք խնդիր ունենք նաև բովանդակային առումով բարձրացնել սուբվենցիոն ծրագրերի որակը և որոշակի, այսպես ասած, քաղաքական՝ տարածքային զարգացման իմաստով քաղաքական, ուղղորդում հաղորդել: Նաև շատ կարևոր եմ համարում, նախկինում մենք խոսել ենք, որ ընդհանրապես գյուղական համայնքների կամ ավելի ճիշտ՝ գյուղերի փողոցների բարեկարգման գործընթացը շատ ավելի ինտենսիվ տեղի ունենա, բայց մյուս կողմից՝ մենք պետք է այնպես անենք, որ զուգահեռ այդ գյուղական կոլորիտը չտուժի, չկորի: Եվ այդ է պատճառը, որ հիմա մենք փորձում ենք այնպիսի խթաններ ստեղծել, որ ոչ միայն գյուղի փողոցները բարեկարգվեն, դրանք բարեկարգվեն որոշակի, այսպես ասած, գեղագիտական համատեքստում և, իհարկե, տեղական հումքի ավելի ընդլայնված օգտագործմամբ: Եվ հույս ունենք, որ մեր համայնքներն առավել ակտիվ կարձագանքեն մեր այս ծրագրին»:

Հավանության է արժանացել ՀՀ կառավարության ծրագրի 2020 թ. կատարման ընթացքը և արդյունքների մասին զեկույցը

Գործադիրը հավանություն է տվել ՀՀ կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքը և արդյունքների մասին զեկույցը. այն կներկայացվի Ազգային ժողով: Զեկույցը պատրաստվել է՝ հաշվի առնելով 2020 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության առջև ծառացած անվտանգային և սոցիալ-տնտեսական մարտահրավերները՝ նոր կորոնավիրուսի (COVID 19) համավարակը և 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմը: Ըստ այդմ, զեկույցը բաղկացած է հետևյալ հիմնական մասերից՝
1) Արցախյան պատերազմ.
2) Նոր կորոնավիրուսի համավարակի (COVID 19) դեմ պայքար.
3) ՀՀ կառավարության 2020 թվականի գործունեության՝ տարբեր ոլորտների հիմնական արդյունքներ:

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ամենակարևոր քաղաքական արձանագրումը, որ արել ենք զեկույցում, հետևյալն է՝ 2020թ. Հայաստանի Հանրապետության կառավարությունն արդեն հայտնի հանգամանքների բերումով, ըստ էության, իրականացրել է ճգնաժամային կառավարում, որովհետև 2020թ. մարտից մենք ճգնաժամային իրավիճակում ենք: Եվ այստեղ մենք ավելի շատ ամփոփում ենք, արձանագրում ենք, զեկուցում ենք ճգնաժամային կառավարման արդյունքների մասին, թե ինչ ենք կարողացել անել այս ընթացքում, ինչ չենք կարողացել անել այս ընթացքում: Իհարկե, նաև կառավարության ծրագրի որոշ դրույթների կատարման ընթացքի վերաբերյալ ենք զեկուցել: Իհարկե, հարցն առավել մանրամասն կքննարկվի Ազգային ժողովի լիագումար նիստում: Ես ուզում եմ ասել, որ որոշման ընդունումից հետո, մենք որոշ խմբագրական փոփոխություններ կիրականցնենք և արդեն վերջնականացված սահմանված կարգով կուղարկենք Ազգային ժողով»:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth