Քաշաթաղում վերականգնված ՀԷԿ-ը էլեկտրաէներգիա կմատակարարի Աղավնոյին, Բերձորին ու Ստեփանակերտին

Քաշաթաղում վերականգնված ՀԷԿ-ը էլեկտրաէներգիա կմատակարարի Աղավնոյին, Բերձորին ու Ստեփանակերտին

Քաշաթաղի Աղավնո գետի վրա՝ ռուս խաղաղապահների կողմից վերականգնված հիդրոէլեկտրակայանն ունի 1,7 մեգավատ դրվածքային հզորություն:

Արտադրված էլեկտրաէներգիան՝ միանալով ընդհանուր ցանցին, մատակարարվելու է նաև  Աղավնո համայնքին, Բերձորին ու Ստեփանակերտին: Այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում տեղեկացրել է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի  տեղակալ Արմեն Թովմասյանը:

«Վերականգված հիդրոէլեկտրակայանից արտադրված էլեկտրաէներգիան միանում է Հայաստանից դեպի Արցախ եկող հոսանքի ընդհանուր ցանցին, որից հետո հասնում՝ Աղավնո, Բերձոր, Ստեփանակերտ: Ներկայումս՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող ՀԷԿ-երն ունեն ընդհանուր առմամբ մոտ 75 մեգավատ հզորություն: Քաշաթաղում վերականգնված ՀԷԿ-ից եկող էլեկտրաէներգիան գումարվելով դրան՝  ինքնաբավության մակարդակի բարձրացման խնդրին  որոշակի լուծում է տալիս: Հայաստանից եկող էլեկտրաէներգիայի խափանումների դեպքում՝կկարողանանք տեղում որոշ չափով ապահովել էլեկտրամատակարարումը»,- հայտնել է Թովմասյանը:

Անդրադառնալով Արցախում էլեկտրամատակարարման վերականգնման ներկա աշխատանքներին նախարարի տեղակալը տեղեկացրեց,որ մասնավորապես Մարտունու էլեկտրամատակարարման ապահովման նպատակով՝ Ստեփանակերտի ենթակայանից 10 կՎտ լարմամբ, օդային՝ 3 գիծ է անցկացվել:

«Այդուհանդերձ՝ Մարտունիում  անջատումներ դեռ լինում են, քանի որ,ընդհանուր՝ 1 մեգավատ հզորությունը դեռևս անբավարար է, իսկ դրանից առավել այդ գիծն ունակ չէ ապահովել: Ներկայում ծրագրային աշխատանքներ են տարվում Մարտունի գնացող նախկին օդային գիծը վերականգնելու ուղղությամբ: Մի փոքր ֆինանսական խնդիրներ կային,ինչ այժմ լուծման փուլում է»,- մանրամասնել է Թովմասյանը: Նրա խոսքով աշխատանքների մեկնարկի հստակ ժամկետն առայժմ հայտնի չէ,սակայն սկսելու դեպքում՝ ավարտին կհասցնեն 2-3 ամսում:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth