Ֆերդինանդ Կարապետյանը՝ Տաշքենդի մրցաշարի բրոնզե մեդալակիր

Ֆերդինանդ Կարապետյանը՝ Տաշքենդի մրցաշարի բրոնզե մեդալակիր

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կայացել է ձյուդոյի «Մեծ սաղավարտ» շարքի մրցաշարը, որտեղ 71 երկրից շուրջ 500 մարզիկ, բացի մեդալներից, պայքարել է նաև Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի վարկանշային միավորների համար:

Հայաստանի ներկայացուցիչ, 2018 թվականի Եվրոպայի առաջնության չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանը հաջող է հանդես եկել 73 կգ քաշային կարգում՝ 49 ձյուդոիստների պայքարում զբաղեցնելով երրորդ հորիզոնականը: Ուզբեկստանի և Մոնղոլիայի ներկայացուցիչներ Ժալոդիդին Բոյնազարովի և Օդբայա Գանբատարի նկատմամբ տոնած հաղթանակներից հետո Ֆերդինանդ Կարապետյանը քառորդ եզրափակչում մրցել է ադրբեջանցի Ռուստամ Օրուջևի հետ և 2 րոպե 48 վայրկյանում իպոնով առավելության հասել:

Եզրափակչի ուղեգրի համար գոտեմարտում հայ ձյուդոիստը պարտվել է ղազախ Ժանսայ Սմագուլովին և բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն ստացել: Մեդալային գոտեմարտում Կարապետյանն առավելության է հասել ֆրանսիացի Շեն Գիյոմի նկատմամբ: Բացի բրոնզե մեդալից՝ Ֆերդինանդ Կարապետյանը վաստակել է նաև 500 վարկանիշային միավոր և Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի վարկանիշային աղյուսակում 47-րդ տեղից բարձրացել 38-րդ (1552 միավոր):

Ֆերդինանդ Կարապետյանի գոտեմարտերը

Հավելենք, որ ձյուդոիստները Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգիր կնվաճեն Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի օլիմպիական վարկանիշային աղյուսակում զբաղեցրած դիրքի շնորհիվ: Աղյուսակում մինչև հունիսի 28-ը կարող են փոփոխություններ լինել. խաղերի իրավունք կստանան առաջին 25 տեղերը զբաղեցրած մարզիկները:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth