Ապօրինի պահվող զենք-զինամթերք են հանձնել

Ապօրինի պահվող զենք-զինամթերք են հանձնել

Արցախում մարտի 8-ին արձանագրվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Բնակչության շրջանում իրականացված բացատրական աշխատանքի արդյունքում ոստիկանության տարբեր բաժիններում արձանագրվել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի հանձնման դեպքեր։ Մասնավորապես, Ստեփանակերտի 28-ամա բնակիչը ոստիկանության քաղաքային վարչություն է կամովին հանձնել «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ, 90 փամփուշտ, 3 պահեստատուփ, «F-1» տիպի 3 հատ նռնակ՝ պայթուցիչներով: Ըստ բնակչի, զինամթերքը հայտնաբերել է պատերազմի օրերին՝ Շուշիի շրջանի Քարին տակ գյուղի տարածքում: Զինամթերքի կամովին հանձնման հաջորդ դեպքը Արցախի մայրաքաղաքի 41-ամյա բնակչի կողմից է եղել: Նա ոստիկանության քաղաքային վարչություն է հանձնել «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ, «ՌՊԳ-26» տիպի նռնականետ, տարբեր տիպի 11 հատ նռնակ՝ 12 պայթուցիչով, «ՌՊԳ»-ի և ականանետի մեկական արկեր: Բնակիչը զինամթերքը գտել է Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի տարածքում:

Ոստիկանության կողմից տարվող բացատրական աշխատանքների արդյունքում, մայրաքաղաքի 37-ամյա բնակիչը ոստիկանության քաղաքային վարչությանն է հանձնել «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ, 5.45 մմ տրամաչափի 300 փամփուշտ և ինքնաձիգի 6 պահեստատուփ, որն ըստ նրա՝ հայտնաբերել է ռազմական գործողությունների օրերին՝ Հադրութի շրջանի Թութակ կոչվող տեղամասում:

Դեպքերի վերաբերյալ ստուգմամբ զբաղվում է ոստիկանության քաղաքային վարչությունը:

Արցախի ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողների աշխատանքի արդյունքում՝ Ստեփանակերտի 30-ամյա բնակիչ Վ. Հ.-ն, ՔՎ վարչությանը կամովին հանձնել է «Մուխա» տիպի 1 նռնականետ, «Մոն» տիպի 1 ական և ինքնաձիգի 4 պահեստատուփ՝ լիցքավորված 7.62մմ տրամաչափի 120 փամփուշտով: Ըստ Վ. Հ.-ի, ռազմամթերքը գտել է 2020 թվականի նոյեմբերին Շուշի քաղաքի տարածքում:

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության ՔՀ վարչությունը:

Ոստիկանության շրջանային բաժնի Գետավանի բաժանմունքի ՔՀ բաժնի ծառայողները մարտի 8-ին զեկուցել են, որ Մարտակերտի շրջանի Չափար գյուղի 34-ամյա բնակիչ Ն.Ա.-ն կամովին Գետավանի բաժանմունք է հանձնել «ԱԿ -103» տիպի ինքնաձիգ:

«Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը»,- հայտնում են Արցախի ՆԳՆ ոստիկանությունից՝ հիշեցնելով, որ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։ Նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է ապօրինի փոխադրած և պահած զենք-զինամթերքը, պայթուցիկ նյութերը կամ սարքերը ինքնակամ հանձնել իրավապահ մարմիններին:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth