Բաղրամյանն ու Դեմիրճյանը փակ են

Բաղրամյանն ու Դեմիրճյանը փակ են

«Հայրենիքի փրկության շարժումը» մտադիր է նոր թափով շարունակել ներքաղաքական պայքարը Հայաստանում: Շարժման ֆեյսբուքյան էջում նշված է, որ Ազգային ժողովի շենքի մուտքերը փակ են:  Նաև փակ են Բաղրամյան պողոտան և Դեմիրճյան փողոցը։ Նշվում է, որ այսօր ժամը 16։00-ին տեղի է ունենալու մեծ հանրահավաք:

Ընդդիմադիր շարժման աջակիցները գիշերել են Ազգային ժողովի շենքի հարևանությամբ: Մարտի 9-ի երեկոյան շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը հանրահավաքի մասնակիցներին կոչ էր արել ավելի շատ վրաններ տեղադրել Դեմիրճյան փողոցում: Նպատակն այն է, որ թույլ չտան պատգամավորներին մուտք գործել Ազգային ժողովի շենք՝ ավելացնելով, թե «նրանք անելիք չունեն»:

Շարժման աջակիցները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Նրանք մարտի 9-ին ԱԺ մուտքերն արգելափակելու որոշում կայացրին պայմանավորված նաև ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու իրավական ընթացակարգերի ժամկետները լրանալու հետ:

Նախագահ Արմեն Սարգսյանը որոշել էր չստորագրել վարչապետի ներկայացրած հրամանագրի նախագիծը, միաժամանակ նախագահը մարտի 9-ին դեռ հնարավորություն ուներ Սահմանադրական դատարանում վիճարկելու հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը, սակայն Սարգսյանը նաև ՍԴ չդիմեց:

Մարտի 10-ի առավոտյան ՀՀ վարչապետը հայտարարեց իրավունքի ուժով Օնիկ Գասպարյանին ազատելն ուժի մեջ մտնելու մասին:

Հավելենք, որ Հանրապետության նախագահը, առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth