Օնիկ Գասպարյանը դիմել է Վարչական դատարան

Օնիկ Գասպարյանը դիմել է Վարչական դատարան

Մարտի 10-ից իրավունքի ուժով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատված Օնիկ Գասպարյանն ուղերձ է հրապարակել: Նրա անունից ուղերձը տարածել է ԳՇ տեղեկատվության բաժնի պետ Սամվել Ասատրյանը:

Ուղերձում Գասպարյանը նախ հիշեցրել է, որ 2021թ․ մարտի 10-ին Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական կայքէջում հրապարակվել է Հանրապետության վարչապետի հայտարարությունը՝ իրեն ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված համարելու մասին։

«Իմ դիրքորոշումն անփոփոխ է․ ինչպես հրապարակված հայտարարությունը, այնպես էլ պաշտոնից ազատման ողջ գործընթացը հակասահմանադրական են, ինչը հերթական անգամ հաստատում է, որ առկա ճգնաժամի հայրենանպաստ լուծումը հնարավոր է ապահովել բացառապես Հանրապետության վարչապետի հրաժարականի և արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում»,-նշել է Գասպարյանը։

Նրա խոսքով՝  Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրության և իրավունքի գերակայությունն ապահովելու և ուժը բացառապես իրավունքի հիման վրա իրացնելու նպատակով դիմել է ՀՀ վարչական դատարան։

«Ես իմ ծառայությունը հայրենիքին և հայ ժողովրդին շարունակելու եմ այլ կարգավիճակով։

Հարգելի՛ գեներալներ, սպաներ և զինվորներ, Զինված ուժերի բացառիկ առաքելությունը հայրենիքի անվտանգության ապահովումն է, ուստի հորդորում եմ շարունակելու ձեր անձնուրաց և ազգանվեր ծառայությունը բացառապես հայրենիքին և ժողովրդին՝ հանուն Զինված ուժերի զարգացման և Հայաստանի ու Արցախի հզորացման»,-նշել է Օնիկ Գասպարյանը։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth