Հայ ուխտավորները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այցելել են Դադիվանք և Ամարաս

Հայ ուխտավորները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այցելել են Դադիվանք և Ամարաս

Հայ ուխտավորներն այցելել են Դադիվանքի հնագույն վանական համալիր: Այս մասին հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։ Նշվում է, որ հայ ուխտավորները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ անարգել մտել են համալիրի տարածք:

«Դադիվանքը Հայ Առաքելական Եկեղեցու հնագույն քրիստոնեական վանքերից է և գտնվում է Քելբաջարի (Քարվաճառ) շրջանի տարածքում, որը, եռակողմ հայտարարության համաձայն, Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 2020 թվականի նոյեմբերին»,- հավելում է ՌԴ ՊՆ-ն։

Ինչպես նշվում է գերատեսչության հաղորդագրությունում, ռուս խաղաղապահները նաև ապահովել են հայ ուխտավորների անվտանգությունը Ամարաս քրիստոնեական վանք այցելելիս, որը գտնվում է Լեռնային Ղարաբաղում կողմերի սահմանազատման գծի անմիջական հարևանությամբ:

Հիշեցնենք, որ ԱՀ Նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանի պարզաբանման համաձայն՝ Ամարասի վանք ուխտավորները կարող են այցելել առանց ռուս խաղաղապահների ուղեկցության, որովհետև այն գտնվում է մեր վերահսկողության ներքո, սակայն առաջնագծին մոտ գտնվելու պատճառով երբեմն ուխտավորների հատկապես մեծ խմբերը նախընտրում են ստանալ լրացուցիչ անվտանգային երաշխիքներ:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth