«Լոռին» դուրս եկավ առաջնությունից

«Լոռին» դուրս եկավ առաջնությունից

Հայաստանի ընթացիկ առաջնության հերթական տուրի կենտրոնական խաղը չկայացավ: «Լոռին» պետք է մրցեր «Արարատի» հետ, բայց հյուրերը հրաժարվեցին խաղալ ու լքեցին խաղադաշտը:

ՀՖՖ մամուլի ծառայությունն արդեն պաշտոնական հայտարարություն արել է և արձանագրել՝ խաղը չի կայացել, քանի որ «Լոռիի» ֆուտբոլիստները մրցավարի՝ խաղի մեկնարկն ազդարարող սուլիչից հետո լքել են խաղադաշտը:

«Հանդիպման պատվիրակը և գլխավոր մրցավարը սպասել են 10 րոպե՝ հնարավորություն տալով «Լոռիի» ֆուտբոլիստներին վերադառնալ խաղադաշտ: «Լոռիի» ֆուտբոլիստներն, առանց «Լոռի» ակումբի կողմից որևէ հիմնավոր պատճառ ներկայացնելու, չեն վերադարձել խաղադաշտ, ինչի հետևանքով էլ հանդիպումը չի կայացել»,- ասված է ՀՖՖ հաղորդագրությունում: 

Նշվում է, որ հանդիպման վերաբերյալ վերջնական որոշում կկայացվի ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի նիստի ժամանակ, մինչդեռ «Լոռին» արդեն կայացրել է իր որոշումը: Ակումբի ղեկավար Թովմաս Գրիգորյանը հայտարարություն է տարածել ֆեյսբուքի իր էջում՝ հայտնելով, որ «Լոռին» դուրս է գալիս առաջնությունից:

«Հարգելի հայրենակիցներ, ֆուտբոլային ընտանիքի ներկայացուցիչներ: Այսօր շատ ցավալի օր է ինձ համար։ «Լոռի» ֆուտբոլային ակումբը ոչ սպորտային որոշում կայացրեց՝ չսկսելով հանդիպումը Երևանի «Արարատի» հետ, ինչի համար ներողամտությունս եմ հայցում «Լոռիի» երկրպագուներից, ստադիոնում և հեռուստաէկրանների մոտ հավաքված ֆուտբոլասերներից։ Բայց սա անելանելի քայլ էր, քանի որ ՀՖՖ-ն արհամարհական կեցվածք է ընդունել «Լոռի» ակումբի նկատմամբ: Մեր երկու դիմումներից մեկը` ՀՖՖ բողոքարկման կոմիտե, քննարկվում է 8 ամիս անց, սակայն ՀՖՖ-ն կրկին չի բարեհաճում հրապարակել կոմիտեի որոշումը։ Նման անառողջ մթնոլորտում չեմ պատրաստվում շարունակել պայքարը ՀՖՖ-ի գծած սցենարով, որտեղ նրանց համար ակումբները բաժանված են յուրայինների և օտարների։ Ծանր է կայացնել այս անմարդկային որոշումը: «Լոռին» կյանք է, մարզը ապրում է ֆուտբոլով, թիմը պայքարում է ամենաբարձր մրցանակային տեղերի համար։ Այս պարագայում չի մնում այլ քայլ՝ պայքարելու ՀՖՖ-ի անարդարությունների դեմ, ուստի որոշում եմ կայացրել դադարեցնել «Լոռի» թիմի մասնակցությունը ՀՀ առաջնությունում»,- գրել է Թովմաս Գրիգորյանը: 

Խոսքն անցած ուրբաթ օրը տեղի ունեցած ՀՖՖ բողոքարկման կոմիտեի նիստին է վերաբերում, որի ընթացքում քննարկվել են Վանաձորի «Լոռիի» դիմումները կապված երկու հարցի հետ: Մասնավորապես խոսքը վերաբերում է Հայաստանի ընթացիկ առաջնության առաջին տուրի «Ուրարտու» – «Լոռի», ինչպես նաև յոթերորդ տուրից հետաձգված «Լոռի» – «Ալաշկերտ» հանդիպումներին:

Առաջինի դեպքում «Լոռիին» գրանցվել էր տեխնիկական պարտություն: Ակումբը դեռ օգոստոսին դիմել էր ՀՖՖ բողոքարկման կոմիտե «Ուրարտու» – «Լոռի» խաղի վերաբերյալ ՀՖՖ կարգապահական կոմիտեի որոշումը (Լոռի ՖԱ-ին գրանցել տեխնիկական պարտություն)՝ COVID-19-ով պայմանավորված բեկանելու համար։

Երկրորդի դեպքում «Լոռին» մարտի 2-ին էր դիմել ՀՖՖ բողոքարկման կոմիտե՝ «Լոռի» – «Ալաշկերտ» խաղում ֆուտբոլ խաղի կանոնների խախտման (4-րդ դադարով փոփոխություն կատարելու համար) պատճառով հյուր թիմին տեխնիկական պարտություն գրանցելու նպատակով։

Դիմումների վերաբերյալ որոշումները ՀՖՖ բողոքարկման կոմիտեն դեռ չի հրապարակել:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth