Մարուքյանը՝ «Լոռիի» շուրջ ստեղծված իրավիճակի մասին. ՀՖՖ-ի պատասխանը

Մարուքյանը՝ «Լոռիի» շուրջ ստեղծված իրավիճակի մասին. ՀՖՖ-ի պատասխանը

Վանաձորի «Լոռիի» մամուլի ծառայությունից հայտնում են, որ վերջին իրադարձություններից հետո ակումբը բազմաթիվ նամակներ է ստանում:

«Մեզ համար այս դժվար օրը ձեր բազմաթիվ նամակները մեծ սփոփանք են։ Մեզ աջակցություն է հայտնել նաև մեր քաղաքի պատգամավոր, ՀՀ ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը»,- նշված է «Լոռիի» ֆեյսբուքյան էջում:

Մարուքյանը ֆեյսբուքի իր էջում տեսաուղերձով է հանդես եկել՝ վերնագրելով. «Լոռի ֆուտբոլային ակումբի նկատմամբ տեղի ունեցած խայտառակ անարդարության մասին»:

ՀՖՖ ղեկավարությունն արձագանքել է և պատասխանել պատգամավորին:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջով անդրադարձել է հայկական ֆուտբոլին, մասնավորապես, Վանաձորի «Լոռի ՖԱ» ֆուտբոլային ակումբի ղեկավարության՝ VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայում ելույթները դադարեցնելու որոշմանը:

Հիշեցնենք, որ մարտի 16-ին VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի «Արարատ»-«Լոռի» խաղի մեկնարկում Վանաձորը ներկայացնող թիմը հրաժարվել է խաղալ: Հետագայում «Լոռի ՖԱ» ակումբի ղեկավարությունը հայտարարել է, որ ակումբը չի շարունակի ելույթները VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայում՝ հիմնավորելով այս որոշումը «ստեղծված անառողջ մթնոլորտով»: Էդմոն Մարուքյանը, սակայն, էլ ավելի առաջ է գնացել և բացատրել է «Լոռի ՖԱ» ղեկավարության վարքագիծը հետևյալ չհիմնավորված փաստարկներով․ «Այս իշխանության բերած կադրերը ձախողում են բոլոր ոլորտները», «իրենց պահում են ամենավերջին, ամենախայտառակ ձևով», «նման խայտառակություններ չեն էլ եղել», «ֆուտբոլի ղեկավարության ապագան սպասվում է քրեակատարողական հիմնարկներում»: Սրանք են «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարի՝ ֆուտբոլին վերաբերող անդրադարձից հատվածներ:

Հնարավոր է, որ որոշ անձինք Էդմոն Մարուքյանին սխալ են ներկայացրել հայկական ֆուտբոլում տիրող իրավիճակը, այդուհանդերձ, կարծում ենք՝ նա չէ, որ պետք է գնահատականներ տա հայկական ֆուտբոլի ներկայիս վիճակին, որին բարձր գնահատականներ են տալիս ոլորտի իրական մասնագետները: Ուրախ ենք, որ պատգամավորը նկատել է, որ Հայաստանի առաջնությունն արդեն 8 ամիս է՝ ընթացքում է, և զարմանում ենք, որ չի նկատել, որ Հայաստանի ազգային հավաքականն ընդամենը մի քանի ամիս առաջ իր պատմության մեջ առաջին անգամ պաշտոնական մրցաշարի հաղթող է դարձել,  լրջագույն հաջողություններ է գրանցել նաև Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը: Ընդ որում, դա տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության համար ծանրագույն ժամանակաշրջանում, երբ COVID-19-ի համավարակի մարտահրավերներին ավելացել էր պատերազմական իրադրությունը: Հարկ է նշել, որ այդ հաջողությունների մեջ իրենց համեստ լուման ունեն, պարոն Մարուքյանի բառամթերքն օգտագործելով, «այս իշխանությունների բերած կադրերը»:

Մեր գնահատմամբ՝ Էդմոն Մարուքյանը, հակասելով մարզական հիմնարար սկզբունքներին, փորձում է քաղաքականացնել հայկական ֆուտբոլը, ինչն անթույլատրելի է հատկապես ներկա պահին, երբ Հայաստանի ազգային հավաքականն օրեր անց մեկնարկելու է Աշխարհի գավաթի ընտրական փուլում։ Ֆուտբոլի քաղաքականացումն անընդունելի և դատապարտելի քայլ է։

Եվ վերջապես, ՀՖՖ ղեկավարության վերաբերյալ ինչ-որ «քրեական փաստերի» մասին պարոն Մարուքյանի արած սպառնալիքի վերաբերյալ: Պաշտոնապես պահանջում ենք հրապարակել նման փաստեր, եթե դրանք առկա են, հակառակ դեպքում՝ հրապարակային ներողություն խնդրել ՀՖՖ ղեկավարությունից՝ պատիվն ու արժանապատվությունն արատավորելու համար»,- ասված է ՀՖՖ հաղորդագրությունում:

Առաջնությունից դուրս գալու «Լոռիի» որոշմանն անդրադարձել է նաև ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը:

«Մարտի 16-ին տեղեկացանք «Լոռի ՖԱ»-ի՝ VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայում ելույթները դադարեցնելու ցավալի լուրի մասին: Համարելով այս քայլը անհեռանկար և սխալ՝ այդուհանդերձ, չենք ցանկանում մեկնաբանել այս իրավիճակը ազգային հավաքականի կարևորագույն հանդիպումներից առաջ: Մենք արդեն նկատել ենք և ունենք բազմաթիվ փաստեր, որ, սկսած 2020 թ. օգոստոսից, տարբեր ուժեր մշտապես ցանկանում են լարվածություն և սկանդալային իրավիճակի իմիտացիա ստեղծել ազգային հավաքականի յուրաքանչյուր հավաքից առաջ: Դրանով նրանք, կարծես, փորձում են խաթարել ազգային հավաքականում տիրող աշխատանքային մթնոլորտը:

«Լոռի ՖԱ»-ի մասնակցությամբ միջադեպը քննելու է ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեն: Ես պատրաստվում եմ խոսել ստեղծված իրավիճակի մասին միմիայն ազգային հավաքականի հանդիպումներից հետո: Կարծում եմ, որ այդ հանդիպումներն այս պահին առաջնահերթ պետք է լինեն հայկական ֆուտբոլային ընտանիքի համար: Եվս մեկ անգամ կոչ եմ անում ֆուտբոլային հանրությանը կարևորագույն մեկնարկից առաջ միավորվել Հայաստանի ազգային հավաքականի շուրջ»,- Մելիքբեկյանի խոսքերը մեջբերել է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ «Լոռիի» հետ կապված թեմային ֆեյսբուքի իր էջում անդրադարձել էր նաև ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամ Տիգրան Հակոբյանը:

«Այսօր հայկական ֆուտբոլում կարող է տեղի ունենալ հերթական խայտառակությունը։ Ինչպես տեղյակ եք` «Լոռի» ՖԱ-ն երկու պահանջ էր ներկայացրել ՀՖՖ բողոքարկման կոմիտե․

1․ Կորոնավիրուսով պայմանավորված «Ուրարտուի» հետ հանդիպման վերախաղարկման հարցը, երբ բոլորին ընդառաջեցին, իսկ «Լոռիին»՝ ոչ՝ գրանցելով տեխնիկական պարտություն։

2․ «Ալաշկերտի» հետ խաղում տեղի ունեցած՝ փոխարինման 4-րդ դադարի պատճառով մրցակցին տեխնիկական պարտություն չգրանցելու վերաբերյալ։

Քանի որ մի կողմում «Լոռին» է, իսկ մյուս կողմում ֆեդերացիայի ղեկավարներին շատ հարմար իր անսկզբունքային տեսակետով «Ալաշկերտի» նախագահ Բագրատ Նավոյանը, վստահ եմ, որ այդ հարցի արդար պատասխանն ի օգուտ «Լոռիի» չի լինելու։ Դիմում եմ ՀՖՖ գործադիր կոմիտեի գործընկերներիս․ Տեղյա՞կ եք արդյոք այս հարցերից, եւ արդյոք տեղյա՞կ եք, որ այս խնդիրների պատճառով «Լոռին» կարող է դադարեցնել գործունեությունը։ Տեղյա՞կ եք, որ ֆեդերացիայի ղեկավարությունն ակումբներից մեկին խոշոր գումարով աջակցում է, երբ անգամ առաջին խմբի թիմերին գնդակ չի տալիս։ Վերջապես, սիրելի՛ գործկոմ, գեթ մեկ անգամ կգործե՞ք ի նպաստ հայկական ֆուտբոլի, թե՞ ոչ։

Դիմում եմ նաև այն քաղաքական գործիչներին, որոնք փետրվարի 1-ին կայանալիք ժողովից ժամեր առաջ խնդրում էին մեզ, որպեսզի մենք չքննարկեինք ֆեդերացիայի՝ չարիք դարձած ղեկավարության հեռացման հարցը։ Տեսնելով այս ամենը՝ չեք ցանկանու՞մ արդյոք սանձել, կարգի հրավիրել ձեր կողմից ֆեդերացիայի նախագահ կարգված անձին»,- գրել էր Հակոբյանը:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth