Ռուս խաղաղապահները շարունակում են պայթուցիկների ոչնչացումը

Ռուս խաղաղապահները շարունակում են պայթուցիկների ոչնչացումը

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության Միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակել են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքը:

«Անցած մեկ օրում վնասազերծվել է 17 հա տարածք, 4 կմ ճանապարհ, 12 շինություն, հայտնաբերվել և վնասազերծվել է 14 պայթունավտանգ առարկա: 2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 1 673 հա տարածք, 521 կմ ճանապարհ, 1 604 շենք-շինություն, այդ թվում՝ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 205 պայթունավտանգ առարկա»,- ասված է հաղորդագրությունում:

Վերջին մեկ օրում զինծառայողները «Բալիջա» հատուկ զորավարժարանում ոչնչացրել են շուրջ 120 պայթյունավտանգ առարկաներ, որոնց թվում՝ ականներ և տարբեր տրամաչափի հրետանային արկեր: Ոչնչացումն իրականացվում է պայթեցնելու եղանակով՝ պայթուցիկ աշխատանքների ժամանակ անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցների ապահովմամբ։ Ամեն օր պայթյունավտանգ առարկաների վնասազերծման աշխատանքներին ներգրավվում են ռուսաստանյան խաղաղապահ զորակազմի շուրջ 10 զինծառայող:

ԱՀ ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայությունը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքից հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում բոլոր շրջաններում:

Պայթեցման աշխատանքներ են նախատեսվում Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքներում, Մարտակերտ և Մարտունի քաղաքների հարակից բնակավայրերում:

ԱԻ պետական ծառայության սակրավորները, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը, «The halo trust» ոչ կառավարական կազմակերպությունը, ինչպես նաև ՌԴ ԱԻՆ և ՊՆ սակրավորները ռազմամթերքի հայտնաբերման նպատակով շարունակում են Արցախի տարածքում իրականացնել ինժեներահետախուզական աշխատանքներ:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth