Սևանա լճի մակարդակը բարձրացել է 15 սմ. սիգի արդյունագործական որսի գործընթացը կկանոնակարգվի

Սևանա լճի մակարդակը բարձրացել է 15 սմ. սիգի արդյունագործական որսի գործընթացը կկանոնակարգվի

Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ Սևանա լճում սիգի արդյունագործական որսի գործընթացի իրականացման կարգավորման անհրաժեշտությունից ելնելով։ Փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է Սևանա լճում արդյունագործական նպատակերով որսի իրականացման գործնթացն առավել կանոնակարգված իրականացնելու հանգամանքով։ Սևանա լճում արդյունագործական որսի իրականացման ժամային գրաֆիկի հաստատման լիազորությունը լրազոր մարմնին վերապահելը միտված է որսի նկատմամբ պատշաճ հսկողություն իրականացնելու, ինչպես նաև ձկնորսների անվտանգության ապահովման պահանջից։ Համաձայն ԳԱԱ 2020 թվականի հաշվառման տվյալների Սևանա լճում սիգի ընդհանուր զանգվածը կազմում է 2345 տոննա, որից արդյունագործական ընդհանուր պաշարը մոտ 586,2 տոննա է: Ինչպես նշել է Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը, 2021 թվականի համար փորձարարական որսի երկրորդ փուլի շրջանակում սահմանվել է առավելագունը 250 տոննա չափաքանակ:

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Շատ հաճելի է արձանագրել, որ ի վերջո Սևանա լճում ձկնորսությամբ զբաղվող մեր հայրենակիցների և կառավարության համագործակցության կոնկրետ կանոններ և հարթակ է ձևավորվել: Իհարկե, վերջին ամիսների փորձից ելնելով չենք կարող ասել, որ այդ համագործակցությունը կատարյալ է, բայց գործընթացը սկսվել է: Մենք անշեղորեն գնալու ենք կանոնակարգման ճանապարհով, որը ձեռնտու է լինելու առաջին հերթին Սևանա լճի խելամիտ շահագործմամբ հետաքրքրված մեր քաղաքացիներին: Ուզում եմ կրկնել այն միտքը, որ Սևանա լճում ձկան պաշարների բնականոն վերարտադրումը և զարգացումը ապահովելու համար կառավարության ձեռնարկած միջոցները կառավարության անդամների համար չեն նախատեսված: Ի վերջո, այս գործողություններն առաջին հերթին միտված են Սևանա լճում ձկնորսությամբ զբաղվող մեր հայրենակիցների բնականոն գործունեությունը և ոլորտի զարգացումը ապահովելու համար: Շատ կարևոր է, որ մենք առաջընթաց ունենք: Շատ կարևոր է արձանագրել նաև, որ այս տարի մենք հիմա Սևանա լճի մակարդակի աննախադեպ աճ ունենք»:

Արձագանքելով՝ Ռոմանոս Պետրոսյանը հայտնել է, որ այսօրվա դրությամբ նախորդ տարվա մարտի 18-ի հետ համեմատած լճի մակարդակի 15 սմ բարձր է: «Ընդհանրապես առավելագույն նիշը հունիս-հուլիս ամիսներին է արձանագրվում, բայց այս տարվա կանխատեսումով կարող եմ ասել, որ վերջին տասնամյակների համեմատ աննախադեպ նիշ ենք ունենալու, հասնելու ենք 1901 մետր նիշի մակարդակին: Կարող եմ նաև մատնանշել, որ դա նաև արդյունք է Արփա-Սևան ջրատարով, թունելով աննախադեպ քանակի ջրի ներհոսքի դեպի Սևանա լիճ, ինչպես նաև ոռոգման նպատակով, ոռոգման սեզոնին կանոնակարգված և խիստ հսկողության ներքո ջուր բացթողումների, որն իրականացվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Ջրային պետական կոմիտեի և մյուս գերատեսչությունների հետ համագործակցությամբ», -ասել է նախարարը:

Վարչապետը հետաքրքրվել է ջրային պաշարների, ջրամբարների լցվածության մակարդակով: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն տեղեկացրել է, որ այս փուլում ջրամբարների լցվածության մակարդակն առնվազն բավարար կարելի է գնահատել: «Միակ խնդիրը, որ այս պահին կա, դա Ախուրյանի ջրամբարում է՝ պայմանավորված հարևան երկրում ջրամբարների կառուցմամբ և ջրի ծավալների օգտագործմամբ: Բայց միևնույն ժամանակ պետք է նշենք, որ ձնհալը հիմնականում տեղի չի ունեցել, ձյան պաշարները բավականին շատ են: Կանխատեսումներն այնպիսին են, որ, ըստ էության, ջրի խնդիր այս տարի որպես այդպիսին քիչ կունենանք»,-ասել է ՏԿԵ նախարարը:

Կառավարության ղեկավարը այդ հարցում ընդգծել է ջրային պաշարների պատշաճ կառավարման ապահովումը: «Կարևոր է նաև, որ այն պատշաճ ձևով հասնի գյուղատնտեսությամբ զբաղվող մեր հայրենակիցներին: Համենայնդեպս գյուղատնտեսական տարվա ազդակներն այս պահի դրությամբ բավականին լավն են և պետք է նաև ծրագրերը հասցեական և արդյունավետ իրականացնենք: Հիշեցնեմ, որ նախորդ տարի մեր տնտեսության միակ ճյուղը, որ, ըստ էության, աճ է գրանցել՝ գյուղատնտեսությունն է եղել, և պետք է այս տեմպն անպայման պահել, որպեսզի ոլորտում նախանշվող դրական զարգացումները կարողանանք պահպանել և զարգացնել»,- Նիկոլ Փաշինյանը:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth