ՀՀ սահմաններին առանց թույլտվության տեսալուսանկարահանող սարքերի, անօդաչուների օգտագործումը կարգելվի

ՀՀ սահմաններին առանց թույլտվության տեսալուսանկարահանող սարքերի, անօդաչուների օգտագործումը կարգելվի

Գործադիրը հավանություն է տվել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին: Նախագծով առաջարկվում է լրացում կատարել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում՝ նպատակ ունենալով սահմանել որոշակի խմբի անձանց համար կատարողական վարույթները կարճվելու դեպքում կատարողական գործողությունների կատարման ծախսեր չգանձելու դեպքերը: Մասնավորապես, նախագծի ընդունմամբ հնարավորություն կտրվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը կատարողական ծախսեր չգանձել ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված, հաշմանդամ դարձած, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձի, նրա ամուսնու, զավակի, ծնողի, տատի, պապի, քրոջ կամ եղբոր վերաբերյալ հարուցված կատարողական վարույթները կարճվելու դեպքում: Հիմնավորման համաձայն, գործող օրենսդրությամբ ռազմական դրությամբ և պատերազմական գործողություններով պայմանավորված պարտատերերի կողմից պարտապանի պարտավորությունները ներելու դեպքում կատարողական ծախսերը չգանձելու իրավական հիմք սահմանված չէ:

Հավանությանն են արժանացել նաև «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը: Սահմանային շերտում տեսալուսանկարահանող սարքերի, այդ թվում` անօդաչու թռչող սարքերի օգտագործումն արգելելու նպատակով առաջարկվում է «Պետական սահմանի մասին» օրենքում կատարել համապատասխան լրացում և արգելել առանց համապատասխան թույլտվության օգտագործել անօդաչու թռչող սարքեր, տեսալուսանկարահանել սահմանակից պետության տարածքը, սահմանային շերտում տեղակայված ինժեներական կառույցները և արգելափակոցները, սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող շենքեր, շինությունները, դիտաշտարակները, տրանսպորտային միջոցները: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» նախագծով առաջարկվում է հստակեցնել սահմանային շերտ մուտք գործելու կամ այնտեղ գտնվելու, ինչպես նաև բնակվելու կամ գրանցվելու կանոնները խախտած անձանց նկատմամբ վարչական ներգործության միջոցներ կիրառելու հիմքերը:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth