Արտադրական վտանգավոր օբյեկտների քանակն աճել է

Արտադրական վտանգավոր օբյեկտների քանակն աճել է

2019 թվականի մարտի 15-ին դրությամբ Հայաստանի հանրապետությունում գրանցված էր 19 991 արտադրական վտանգավոր օբյեկտ՝ ԱՎՕ, 2020 թվականի մարտի 15-ի դրությամբ՝ 21 403, իսկ այս տարվա՝ 2021 թվականի մարտի 15-ի դրությամբ՝ 22 706: Վերջին երկու տարում արտադրական վտանգավոր օբյեկտների քանակն աճել է 13,58 տոկոսով, վերջին մեկ տարում՝ 6 տոկոսով:

2021 թվականի սկզբից Հայաստանում գրանցվել է 198 ԱՎՕ. ավտոցիստեռն, բենզալցակայան, հանքավայր, ամբարձիչ սարքավորում, կամրջակային կռունկ, էլեկտրական տելֆեր, դիզելային վառելիքի պահեստարան, լողավազանի քլորակայան եւ այլն:

Հայաստանում արտադրական վտանգավոր օբյեկտ են որակվում ոսկու, քարի, ավազի հանքավայրերն ու մշակման արտադրամասերը, բենզալցակայանները, գազալցակայանները, պայթուցիկ նյութերի պահեստները, շինարարական եւ ավտոկռունկները, ճնշման տակ աշխատող սարքերը, քիմիական անալիզի լաբորատորիաները, պոչամբարները, ջրամբարները, կաթսայատները, շարժասանդուղքները, վերելակները, կարուսելները:

Գրանցված ԱՎՕ-ների մեջ կան չաշխատող, գործունեությունը դադարեցրած, սառեցված, ապամոնտաժված օբյեկտներ: Շինարարական կամ որոշ ավտոկռունկներ էլ հին են եւ դարձել են մետաղի ջարդոն: 2021 թվականի մարտի 15-ի դրությամբ, գրանցված ԱՎՕ-ներից մոտ 300-ը ապամոնտաժվել է, մոտ 900-ը՝ կոնսերվացվել: Արտադրական վտանգավոր օբյեկտների մոտ 35 տոկոսը (ավելի քան 8000) բազմաբնակարան շենքերի, հյուրանոցների, բժշկական կենտրոնների, տարբեր արտադրական ձեռնարկությունների մարդատար եւ բեռնատար վերելակներն են: Իսկ մոտ 15 տոկոսը` մոտ 3500, տարբեր տեսակի կռունկները` կամրջակային, աշտարակային, օդադողային, ավտո եւ այլն: Բացի սրանցից Հայաստանում գրանցված են նաեւ ավելի քան 2000 կաթսայատուն, ավելի քան 500 կոմպրեսոր, մոտ 450 ճնշման տակ աշխատող սարքավորում, մոտ 400 հանքավայր, նույնքան ԱԳԼՃԿ, մոտ 300 բենզալցակայան, հեղուկ գազ կամ բենզին տեղափոխող ավելի քան 100 ավտոցիստեռն, ավելի քան 60 շարժասանդուղք եւ այլն: Բազմաթիվ ընկերություններում կան մեկից ավելի ԱՎՕ-ներ:

Հայաստանում արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրը կազմվել է 2006 թվականի մայիսին: Այդ տարի գրանցվել են առկա բոլոր ԱՎՕ-ները, ընդամենը՝10 319 միավոր:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth