Սահմանվել է աշխատաժամանակի տևողությունը

Սահմանվել է աշխատաժամանակի տևողությունը

ՀՀ կառավարության մարտի 18-ի նիստում կայացված որոշմամբ սահմանվել են նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների հանգստի և աշխատանքի ռեժիմի առանձնահատկությունները:

Նոր կարգավորմամբ` նախադպրոցական ուսումնական հաստատություններում մանկավարժական աշխատանքի կատարման համար աշխատաժամանակի տևողությունը շաբաթվա համար սահմանվում է`

  • 22 ժամ` հատուկ մանկավարժի (լոգոպեդի, սուրդոմանկավարժի) համար,
  • 22 ժամ` սոցիալական մանկավարժի համար,
  • 22 ժամ` հոգեբանի համար,
  • 24 ժամ՝ երաժշտության դաստիարակի (երաժշտական ղեկավարի) համար,
  • 24 ժամ՝ պարուսույցի (պարի ղեկավարի) համար,
  • 30 ժամ` ֆիզկուլտուրայի հրահանգչի համար,
  • 30 ժամ` երկարօրյա խմբերի դաստիարակի համար,
  • 36 ժամ` դաստիարակի համար:

Նախադպրոցական ուսումնական հաստատություններում լրացուցիչ կրթական ծառայություններ մատուցող մանկավարժի (ուսուցչի, խմբավարի) աշխատաժամանակի տևողությունը սահմանվում է աշխատանքային պայմանագրով՝ համաձայն «ՀՀ աշխատանքային օրենսգրքի» պահանջների:

Միաժամանակ սահմանվել է, որ նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների աշխատանքային ռեժիմը կարգավորվում է ուսումնական հաստատության ներքին կարգապահական կանոններով` հաշվի առնելով, որ մանկավարժական աշխատողի անհատական և խմբային խորհրդատվական աշխատանքի ժամանակահատվածը չի կարող գերազանցել վերոնշյալ սանդղակով սահմանված շաբաթական աշխատաժամանակի տևողության կեսը:

Նշենք, որ ուսումնական հաստատությունների աշխատողների աշխատանքի և հանգստի ռեժիմի առանձնահատկությունները մինչ այժմ կարգավորվել են ՀՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 1-ի N 201-Ն որոշման 5-րդ հավելվածով:

Նշված հավելվածում, սակայն, բացակայել են մանկավարժական որոշ աշխատողների (այդ թվում՝ երաժշտության դաստիարակի, պարուսույցի) աշխատանքի և հանգստի ռեժիմի առանձնահատկությունները: Նոր կարգավորումը տարածվում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների բոլոր մանկավարժական աշխատողների վրա:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth