Բախի «Մագնիֆիկատն» երկար դադարից հետո կհնչի Հայաստանում

Բախի «Մագնիֆիկատն» երկար դադարից հետո կհնչի Հայաստանում

Հայաստանի պետական կամերային նվագախումբը և Երևանի պետական կամերային երգչախումբը դիրիժոր Ջանլուկա Մարչանոյի (Իտալիա) ղեկավարությամբ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանդես կգան համերգով. կհնչի Բախի «Մագնիֆիկատը»: Միջոցառումը տեղի կունենա մարտի 21-ին՝ ժամը 19:00-ին: Որպես մենակատարներ հանդես կգան Ջուլիանա Գրիգորյանը, Նունե Գրիգորյանը, Անուշ Մարտիրոսյանը, Միքայել Գրիգորյանը և Կիմ Սարգսյանը: Կհնչի նաև Բախի Երգեհոնի կոնցերտը, մենակատար՝ Թերեզա Ոսկանյան:

Յոհան Սեբաստիան Բախը «Մագնիֆիկատը» ստեղծել է 1723 թվականի մայիսին: Բախն այդ շրջանում եկեղեցական ծառայության էր անցել Լայպցիգում, որտեղ էլ հենց նույն տարում՝ դեկտեմբերի 25-ին, կայացել է ստեղծագործության պրեմիերան: «Մագնիֆիկատը» ստեղծագործություն է՝ գրված հնգաձայն երգչախմբի, մենակատարների և նվագախմբի համար: Այն բացառիկ գեղեցկության և հզորության ստեղծագործություն է, որում միաձուլվում են ռենեսանսի ավանդույթներն ու 19-րդ դար տանող միտումները: Այդ գործով Բախն ասես վերստեղծում է Վերածննդի դարաշրջանի իտալացի գեղանկարիչ Պաոլո Վերոնեզեի տոնական ստեղծագործությունների ներկապնակն ու գույները՝ երաժշտության լեզվով: Հետևելով աստվածաշնչյան տեքստերին՝ Բախը վերստեղծում է նաև հանճարեղ երաժշտական կերպարներ, որոնց բնորոշ է մերթ փափուկ մեղեդայնությունը, մերթ աղոթքի և ապաշխարելու յուրատեսակ մթնոլորտը:

«Մագնիֆիկատը» բաղկացած է 12 համարից, որոնցից յուրաքանչյուրը փոխանցում է ստեղագործության հիմնական գաղափարներն ու տրամադրությունը: Երաժշտությունն ու տեքստը միաձուլվում են՝ ստեղծելով յուրահատուկ ամբողջություն:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth