Հայտնաբերվել է հրկիզված վիճակում

Հայտնաբերվել է հրկիզված վիճակում

ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների և որոնումների շնորհիվ, Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքի վարչական տարածքում հայտնաբերվել է նույն համայնքի 48-ամյա բնակիչ Վրեժ Պողոսյանի դիակը՝ հրկիզված վիճակում: Վրեժ Պողոսյանը երեկ երեկոյան ժամը 23:00-ի սահմաններում դուրս էր եկել տնից և չէր վերադարձել:

Դեպքի մանրամասները պարզելու առթիվ ԱՀ քննչական կոմիտեի կողմից կատարվում է նախաքննություն: Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը:

«Սույն թվականի մարտի 21-ին ժամը 12-ի սահմաններում ԱՀ Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքի վարչական տարածքում հայտնաբերվել է նույն համայնքի 1973թ ծնված բնակչի դին՝ հրկիզված վիճակում։ Դեպքի վայր է մեկնել ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնի ավագ քննիչը։ ԱՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են անհետաձգելի դատավարական և քննչական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է ԱՀ քննչական կոմիտեի հայտարարությունում:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հավելենք, որ երեկ ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության հերթապահ մասում հաղորդում էր ստացվել, որ Մարտունի քաղաքի Մայիսի 9 փողոցի բնակարաններից մեկի տան բակում հայտնաբերվել է կնոջ դի՝ հրկիզված վիճակում:

Դեպքի վայր մեկնած ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի օպերատիվ խումբը պարզել էր, որ Մարտունի քաղաքի բնակչուհի Գ.Ղ.-ն, ծնված 1980 թվականին, նախնական տվյալներով կատարել է ինքնասպանություն: Վերջինիս բնակարանում հայտնաբերվել էր նաև գրություն: Գ.Ղ.-ն նախապես հայտնել էր, որ իր կյանքին վերջ է տալիս անբուժելի հիվանդություն ունենալու պատճառով: ԱՀ քննչական կոմիտեի կողմից կատարվում է նախաքննություն: Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth