Քննվելու են բոլոր հնարավոր վարկածները

Քննվելու են բոլոր հնարավոր վարկածները

Արցախի Կարմիր Շուկա գյուղի բնակչի հրկիզման դեպքի առթիվ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել  Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով (Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը) նախատեսված հանցագործության հատկանիշներով: Այս մասին տեղեկացնում են Արցախի գլխավոր դատախազությունից՝հավելելով,որ կատարվում է նախաքննություն:

«Սույն թվականի մարտի 21-ին Արցախի Հանրապետության ոստիկանության Մարտունու շրջբաժնի հերթապահ մաս հաղորդում էր ստացվել այն մասին, որ նույն շրջանի Կարմիր Շուկա համայնքի բնակիչ Վ․Պ-ն նախորդ օրը տնից դուրս է եկել և չի վերադարձել։ Ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված որոնողական աշխատանքների արդյունքում՝ Վ․Պ-ի հրկիզված դին հայտնաբերվել է նույն համայնքի վարչական տարածք հանդիսացող «Համեղ գյունե» կոչվող տեղամասում, որը գյուղի՝ առաջնագծից ամենամեծ հեռավորության վրա գտնվող վայրերից է: Նկարագրված դեպքի կապակցությամբ 2021թվականի մարտի 21-ին Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Ըստ նախնական տվյալների` հատկապես վերջին մեկ շաբաթվա ընթացքում Վ.Պ.-ն գտնվում էր հոգեճնշող վիճակում, ուշ-ուշ էր դուրս գալիս տնից, ծանր էր տանում եղբոր որդու զոհվելու փաստը՝ 2020թ. սեպտեմբեր ամսից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմում: Հատկապես դյուրագրգիռ էր դարձել զոհված հարազատի վերաբերյալ հեռուստատեսությամբ հեռարձակված տեսանյութը դիտելուց հետո: Հաշվի առնելով սույն դեպքի կապակցությամբ զանգվածային լրատվության միջոցներով ներկայացվող տարբեր մեկնաբանությունները, հավաստիացնում ենք, որ նախաքննության ընթացքում առաջ են քաշվելու և քննության են առնվելու դեպքի հնարավոր բոլոր վարկածները, որոնց արդյունքների մասին կտրամադրվեն լրացուցիչ տեղեկություններ»,-մանրամասնում են Արցախի գլխավոր դատախազությունից՝ միաժամանակ հորդորելով նախքան քրեական գործի մինչդատական վարույթի ավարտը՝ չտարածել այնպիսի տեղեկություններ կամ դեպքի վերաբերյալ անձնական այնպիսի մեկնաբանություններ, որոնք հաստատված չեն նախաքննության ընթացքում կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքներով և կարող են հանրության մոտ չհիմնավորված խուճապի և մտահոգության պատճառ հանդիսանալ։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth