Գրիգոր Միխիթարյանը կմասնակցի մրցաշարի

Գրիգոր Միխիթարյանը կմասնակցի մրցաշարի

Մոսկվայում կայանալիք Անատոլի Խառալամպիևի հիշատակը հավերժացնող սամբոյի միջազգային ավանդական մրցաշարում Հայաստանը կներկայացնեն երեք սամբիստ: Այս մասին հայտնել է  մարզաձևի համապետական ֆեդերացիայի նախագահ, պատվիրակության ղեկավար   Միքայել Հայրապետյանը: Նա հավելել է, որ  մարզիչ, միջազգային կարգի մրցավար Էդվարդ Ասլանյանը մարտի 25-ին և 26-ին  մրցագորգ կուղեկցի 58 կգ քաշայիններ վանաձորցի հեղինակավոր Տիգրան Կիրակոսյանին և գյումրեցի Գրիգոր Միխիթարյանին, ինչպես նաև 71 կգ քաշային, իջևանցի Վիգեն Մարտիրոսյանին:

Ստուգատեսը աշխարհի գավաթի խաղարկության փուլերից մեկն է: Հայտավորված են 21 երկրի ավելի քան 300 ներկայացուցիչներ: Գոտեմարտերի նկատմամբ  հետաքրքրությունը կավելանա նաև այն  հանգամանքով, որ առաջին անգամ մասնակիցները հանդես կգան մարզաձևի  միջազգային ֆեդերացիայի  հաստատած  նոր քաշային կարգերում:

Ընդհանրապես կխաղարկվի մեդալների 21 հավաքածու՝ կանանց և տղամարդկանց մարզական, ու մարտական սամբոյի յոթական քաշային կարգերում:

1983 թ. ի վեր,  մոսկովյան այս ստուգատեսի հաղթողներին շնորհվում է միջազգային կարգի սպորտի վարպետի կոչում, իսկ Խառալամպիևի հուշամրցաշարի սկիզբը դրվել է հեռավոր 1980 թ.՝ Մոսկվայի  օլիմպիական խաղերի տարում:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth