Երկարաձգվել է ծախսերի փոխհատուցման ժամկետը

Երկարաձգվել է ծախսերի փոխհատուցման ժամկետը

Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներում, որոնցով կարգավորվում են ռազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող համայնքների հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքը ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալողների ծախսերի փոխհատուցման հետ կապված հարաբերությունները: Փոփոխություններով առաջարկվում է միջոցառման (նաև կարգի) ժամկետը երկարացնել ևս երեք ամսով:

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում այն քաղաքացիներին, ովքեր բնակարանում հնարավորություն ունեն հյուրընկալել բնակարանից զրկված քաղաքացիների, մենք ֆինանսական աջակցություն ենք ցուցաբերում, որպեսզի այդ հյուրընկալության գործընթացը պատշաճ տեղի ունենա»:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը տեղեկացրել է, որ 3000 հյուրընկալող ընտանիքներ կան, որոնք ստացել են աջակցություն: «Հյուրընկալվածների, այսինքն՝ արցախցի չափահասների թիվը մոտ 7000 է: Ընդհանուր հաշվարկով, խոսքը գնում է մոտ 15000 արցախցու մասին, ովքեր այս ծրագրի շրջանակում հյուրընկալված են, և մնացած ծրագրերով: Այսինքն՝ այս պահին  Հայաստանում ժամանակավոր բնակվում են մոտավորապես 25000-30000 արցախցիներ»:

Նախարարը տեղեկացրել է նաև, որ երեկվանից արդեն սկսվել է արցախցիների աջակցության ծրագրի ֆինանսավորումը. «Խոսքը յուրաքանչյուր քաղաքացու 68 հազար դրամ տրամադրելու ծրագրի մասին է: Երեկ արդեն մոտ 80 հազար քաղաքացու աջակցությունը փաստացի տրամադրվել է իրենց բանկային հաշիվներին: Ընդհանուր առմամբ՝ 5.5 մլրդ դրամի սահմանում: Գործընթացը շարունակվում է»:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth