Սպանությունները բացահայտվել են, դիակները՝ հայտնաբերվել

Սպանությունները բացահայտվել են, դիակները՝ հայտնաբերվել

Մարտի 10-ին ոստիկանության Կապանի բաժնից Կենտրոնական բաժին հեռախոսագիր էր ստացվել։ Հայտնել են, որ Քաջարանում հաշվառված 37-ամյա մի տղամարդ մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանի մոտակայքից կորել է։ Տեղեկությունը Կապանի ոստիկաններին հայտնել է անհետ կորած տղամարդու քույրը, տեղեկացնում են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:

Նա ասել է նաև, որ եղբայրն անհետացել է մարտի 7-ին՝ ժամը 20-ի սահմաններում։ Տղամարդուն հայտնաբերելու և անհետ կորելու հանգամանքները պարզելու ուղղությամբ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողներն իրականացրել են ծավալուն օպերատիվ միջոցառումներ, որոնց միացել են նաև Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները։

Օրեր տևած համատեղ աշխատանքի արդյունքում կատարվածի մի շարք հանգամանքներ հայտնի են դարձել։ Մասնավորապես, պարզվել է, որ անհետ կորած համարվող տղամարդու և Հրազդան քաղաքում հաշվառված, բայց մայրաքաղաքում բնակվող 30-ամյա մի տղամարդու միջև մայրաքաղաքի Զաքյան և Գրիգոր Լուսավորչի փողոցների խաչմերուկում վեճ է սկսվել, որին միջամտել է 30-ամյա տղամարդու ընկերը։ Քննությանը հայտնի նախնական տվյալներով՝ վերջինս հետապնդել է անհետ կորած համարվող տղամարդուն ու դանակով մի քանի անգամ հարվածել նրան։ Այնուհետև, համաձայն ձեռք բերված օպերատիվ տվյալների, սպանվածի դին նրանք նետել են Հրազդան գետը։

Քրեական հետախույզներին հայտնի է դարձել նաև, որ նրանք տղամարդու դին գետն են նետել իրենց երկու ընկերների հետ։ Այսինքն, ոստիկանության ծառայողների տեսադաշտում արդեն չորս անձ է եղել։ Դեպքի առթիվ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետաքննության բաժանմունքում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։  Առանձնապես ծանր հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձն ու ընկերները հայտնաբերվել են, բերման ենթարկվել ոստիկանություն, ապա ներկայացվել նախաքննական մարմնին՝ հարցաքննության։

Վերը նշված հանգամանքները հիմնավորելուց զատ իրավապահների խնդիրն է եղել նաև սպանված տղամարդու դին հայտնաբերելը: Որոնողական աշխատանքներին զուգահեռ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում հայտնի է դարձել, որ երբ նրանք ցանկացել են սպանվածի դին տեղափոխել, անհայտ մի անձ տեսել է։ Նրանցից 34-ամյա տղամարդը, նախնական տվյալներով, կացնով հարվածել է ականատեսին, որը ևս մահացել է։

Նշվում է, որ երկրորդ սպանվածի դին ևս նետել են Հրազդան գետը։ Այս գործողությանը հիշյալ չորս տղամարդուց բացի մասնակցել է նաև նրանց ևս մի ծանոթ, որը նույնպես հայտնաբերվել է, բերման ենթարկվել ու ձերբակալվել։ Ոստիկանության, քննչական կոմիտեի և արտակարգ իրավիճակների նախարարության ծառայողներն ամբողջությամբ լծվել են սպանված տղամարդկանց դիակները հայտնաբերելու միջոցառումներին։

Օրեր տևած համատեղ աշխատանքի արդյունքում մարտի 22-ին Երևանյան լճում հայտնաբերվել է ականատեսի դին։ Որոնողական աշխատանքները շարունակվել են: Երկու օր անց էլ՝ մարտի 24-ին, Արշակունյաց պողոտայի հարևանությամբ գտնվող ջրատարում հայտնաբերվել է անհետ կորած համարվող տղամարդու դին։ Մինչ այդ բերման ենթարկվածներից մեկի իրերում հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը։ Հարուցված քրեական գործերի շրջանակներում մի խումբ անձանց մեղադրանք է առաջադրվել։ Նրանք կալանավորվել են։ Նախաքննությամբ կհստակեցվի կատարված սպանություններում յուրաքանչյուրի դերակատարությունը։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth