«Կալաշնիկովի» ինքնաձիգներ ու ատրճանակներ են հանձնել

«Կալաշնիկովի» ինքնաձիգներ ու ատրճանակներ են հանձնել

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում օրերս արձանագրվել են ապօրինի հրազենների կամավոր հանձնման դեպքեր։ Երևանում բնակվող 26-ամյա մի երիտասարդ Մալաթիայի բաժնում կամավոր հանձել է գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, որն, ըստ նրա՝ բերել էր անցած տարի Արցախից, հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:

Բացատրական աշխատանքն իրականացրել են Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները։ Մաշտոցի բաժնի Դավիթաշենի բաժանմունքի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ ևս արձանագրվել է Արցախից բերված գործարանային համարով «Կալաշնիկովի» կամավոր հանձնման դեպք։ Ինքնաձիգը բաժանմունք է բերել Երևանում բնակվող 44-ամյա մի տղամարդ։ Արդյունավետ էր նաև Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը, որի շնորհիվ  Էջմիածնում բնակվող 68-ամյա մի կին կամավոր հանձնել է հանգուցյալ ամուսնու «Կալաշնիկովի» ինքնաձիգն ու տարբեր տրամաչափի 40-ից ավելի փամփուշտը։

Առանց գործարանային համարի «Կալաշնիկովի» ինքնաձիգը, պահունակը, նռնակի պայթուցիչներն ու մի քանի տասնյակ փամփուշտը ոստիկանության Ապարանի բաժնում կամավոր հանձնել է Շենավան գյուղում բնակվող մի տղամարդ՝ շնորհիվ բաժնի հերթապահ մասի ծառայողների բացատրական աշխատանքի։ Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև ոստիկանության Տավուշի մարզային վարչության Նոյեմբերյանի, Իջևանի և Դիլիջանի բաժիններում։ Մասնավորապես, Նոյեմբերյանի բաժնում գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգի, պահունակի և փամփուշտների, Իջևանի և Դիլիջանի բաժիններում՝ ատրճանակների և փամփուշտների։ Կրկին հորդորում ենք, ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth