Երևանից գնացել էր Գյումրի ու սպանել իրեն վիրավորած օգտատիրոջը

Երևանից գնացել էր Գյումրի ու սպանել իրեն վիրավորած օգտատիրոջը

Մարտի 27-ին Գյումրիում սպանություն էր կատարվել։ Ամեն ինչ սկսվել էր նրանից, որ երկու օգտատեր ծանոթացել, շփվել էին սոցցանցի միջոցով, քննարկել տարբեր հարցեր, իսկ մի օր էլ տհաճ երկխոսությունը սպանության պատճառ էր դարձել: Նրանցից մեկը պարզել էր, թե որտեղ է բնակվում մյուս օգտատերը, բնակարանից դուրս էր հրավիրել ու հենց շքամուտքում դանակահարել էր: Այս ամենը պարզվել է հետո, իսկ մինչ այդ, ժամը 16-ի սահմաններում, շտապօգնության կայանից ոստիկանության Կումայրիի բաժին հաղորդում էր ստացվել, որ Գյումրիի Երևանյան խճուղու շենքերից մեկում՝ աստիճանների վրա, հայտնաբերվել է տղամարդու դի՝ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով, հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը ճշտել է մահացածի ինքնությունը՝ նույն շենքի 25-ամյա բնակիչ էր։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Շիրակի մարզային վարչության և Մուշի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում, ինչպես և նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ հանցագործությունը կատարել է Երևան քաղաքի 17-ամյա մի բնակիչ։ Բացատրական աշխատանքի արդյունքում նա մարտի 29-ին ներկայացել է ոստիկանության Կումայրիի բաժին և խոստովանել կատարածը։ 17-ամյա երիտասարդը ներկայացվել է Շիրակի մարզային քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Գյումրի քաղաքի 25-ամյա բնակչի սպանության մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 2004թ.:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2021թ. մարտի 27-ին՝ ժամը 15:53-ին, ՀՀ  ոստիկանության  Գյումրի քաղաքի Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել  այն մասին, որ Գյումրու  Երևանյան խճուղու շենքերից մեկի աստիճանահարթակին  տղամարդու դիակ կա:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Երևան քաղաքի 17-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով: Միջնորդություն  է ներկայացվել դատարան՝ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ: Նախաքննությունը շարունակվում է, հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական բաժնից:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth