ՉԺՀ-ն անհատույց կհատկացնի 100 միլիոն յուան

ՉԺՀ-ն անհատույց կհատկացնի 100 միլիոն յուան

Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության միջև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիա) մասին» համաձայնագրի կիրարկման արձանագրության ստորագրման առաջարկությանը: Համաձայնագրի միջոցով կողմերը նախատեսում են փոխադարձության հիման վրա ստեղծել արագ և արդյունավետ իրավական ընթացակարգեր այն անձանց հայտնաբերման և անվտանգ ու կանոնակարգված վերադարձի համար, որոնք չեն բավարարում, կամ այլևս չեն բավարարում Հյաստանի կամ Եվրոպական միության անդամ պետություններից մեկի տարածք մուտք գործելու, այնտեղ գտնվելու կամ բնակվելու համար պահանջներին, և դյուրացնելու այդպիսի անձանց տարանցումը:

Հավանություն է տրվել նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրաքի Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող անձանց համար փոխադարձաբար մուտքի արտոնագրի վերացման մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Համաձայնագրի նպատակն է դյուրացնել երկու պետությունների՝ վավեր դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող անձանց համար ուղևորության ընթացակարգերը: Կողմերից մեկի պետության՝ վավեր դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող քաղաքացիներն ազատվում են մյուս կողմի պետության տարածք մուտք գործելու, այն տարանցելու և այդ տարածքում մնալու համար մուտքի արտոնագրի պահանջից երեսուն օրը չգերազանցող ժամանակահատվածով` սկսած մուտքի օրվանից:

Կառավարության հավանությանն է արժանացել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Մալթայի Հանրապետության կառավարության միջև` եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկեր չվճարելն ու հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Համաձայնագրի նպատակն է բացառել եկամուտների կրկնակի հարկումը և այդպիսով նվազեցնել եկամտային հարկերի հետ կապված խոչընդոտների բացասական ազդեցությունը պայմանավորվող պետությունների միջև փոխադարձ առևտրի և ներդրումների վրա, ինչը հնարավորություն է տալիս խրախուսել ձեռնարկատիրական գործունեությունը` ստեղծելով մրցակցային շահավետ պայմաններ օտարերկրյա ներդրումների համար: Նպատակներից է նաև՝ ստեղծել կանխատեսելի և կայուն հարկային դաշտ: Համաձայնագրով փոխադարձության սկզբունքով պայմանավորվող պետությունների գործարար շրջանակների համար սահմանվում են եկամուտների ստացման երկրում հիմնական եկամտատեսակների` շահաբաժինների, տոկոսների, ռոյալթիների հարկման պայմանները և դրույքաչափերը:

Հավանություն է տրվել «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների՝ հանցավոր ճանապարհով ստացված միջոցների օրինականացման (լվացման), ահաբեկչության ֆինանսավորման և զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ պայքարի մասին» պայմանագրի ստորագրման առաջարկությանը: Պայմանագրի նպատակն է ապահովել փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման և զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում Ֆինանսական միջոցառումների հատուկ հանձնախմբի (ՖԱԹՖ) 2012թ. վերանայված միջազգային ստանդարտներին համապատասխանող իրավապայմանագրային բազայի գործողությունը:

Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Համաձայնագրի կնքմամբ ակնկալվում է ՀՀ կառավարությանը տրամադրել 100.000.000 չինական յուան գումարի չափով անհատույց օգնություն՝ Հայաստանի հանրային հեռուստատեսության նոր տաղավարի կառուցման և այլ համատեղ համաձայնեցված ծրագրերի իրականացման նպատակով:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth