Հաստատվել է բուհերի անվճար ուսուցման տեղերը

Հաստատվել է բուհերի անվճար ուսուցման տեղերը

Գործադիրը հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2021/2022 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և վճարովի, առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը: Ըստ այդմ՝ բուհերին առաջարկվել է անվճար ուսուցման տեղերի հայտը ներկայացնելիս հաշվի առնել նաև բուհի կարիերայի կենտրոնի վերլուծությունը՝ աշխատաշուկայի պահանջարկի վերաբերյալ:

Նախորդ տարիների նման այս տարի ևս առանձին ընդունելության տեղեր են հատկացվում «Արարատյան բակալավրիատ» ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների շրջանավարտների համար: 350 տեղ նախատեսվում է հատկացնել ՀՀ ՊՆ «Պատիվ ունեմ» ծրագրով ընդունելության համար: Միջպետական համաձայնագրի շրջանակում ինչպես և նախորդ տարի Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետին հատկացված տեղերից 5-ը նախատեսվում է Ղազախստանի Հանրապետության քաղաքացիների ուսումնառության համար: Ըստ այդմ՝ 2021/2022 ուստարվա ընդունելության համար կառավարությունը հաստատել է բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ 2918 տեղ, որից 88-ը օտարերկրյա քաղաքացիների համար:

Կառավարությունն ընդունել է որոշում՝ պետության կողմից ուսուցչի հերթական ատեստավորում` յուրաքանչյուր ուսուցչի համար 5 տարին մեկ անգամ իրականացնելու նպատակով: Յուրաքանչյուր տարի ուսումնական հաստատության ուսուցիչների մեկ հինգերորդը ենթակա է ատեստավորման` ըստ ուսումնական հաստատության հաստատած ժամանակացույցի: Ուսուցչի ատեստավորման, վերապատրաստման, տարակարգի շնորհման կարգերը սահմանում է ՀՀ կառավարությունը: Ըստ այդմ՝ ուսուցիչների վերապատրաստումը նախատեսվում է կենտրոնացնել առարկայական վերապատրաստման և ընդհանուր մանկավարժական գիտելիքների, աշխատանքի պլանավորման, իրականացման և գնահատման վրա, քանի որ վերջին տարիների ընթացքում էականորեն փոխվել են ինչպես գիտությունները, գնահատման եղանակները, այնպես էլ տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաները, որոնց միջոցով իրականացվում է ուսուցման գործընթացը նոր մեթոդներով և ռազմավարություններով:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth