Չալյանն ու Գրիգորյանը կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը

Չալյանն ու Գրիգորյանը կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում  ապրիլի  19-25-ը հաջորդաբար կանցկացվեն ազատ  և հունահռոմեական ոճի ընբշամարտի Եվրոպայի առաջնությունները: Հայտ են ներկայացրել 37 երկրի 444 մարզիկ-մարզուհի (177՝ հ/ հ ըմբշամարտ և ազատ ոճ ՝ 156 տղամարդ, 111 կին):

Հայաստանից մրցագորգ կելնեն ազատ ոճայիններ, արտաշատցիներ  Գևորգ Թադևոսյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70կգ), Երևանի պետական մարզական ՕՀ քոլեջի սովորողներ, իջևանցի Հրայր Ալիխանյանը (74 կգ) և աշտարակցի Արման Ավագյանը (79 կգ): Ազատ ոճայինները մրցավայր կմեկնեն  ապրիլի 19-ի լուսադեմին:

Նույն չվերթով, ապրիլի 21-ին,  Վարշավա կմեկնեն նաև հունահռոմեական ոճի հայ ըմբիշները: Նրանք են՝ երևանցիներ Ռուդիկ Մկրրտչյանը (55կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ),  Մալխաս Ամոյանը (72 կգ), գյումրեցիներ Վարուժան Գրիգորյանը (77 կգ), Կարապետ Չալյանը (82 կգ) և էջմիածինցի Հրաչյա Պողոսյանը (63 կգ):

Հավելենք, որ գյումրեցիներ Գրիգորյանն ու Չալյանը ներկայացնում են Գյումրու Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի մարզադպրոցը: Հիշեցնենք, որ Չալյանն ունի օլիմպիական խաղերի ուղեգիր: Ուղեգիր ուն նաև Արթուր Ալեքսանյանը:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանն ասել է, որ կազմն ընտրելիս գլխավորապես հաշվի է առել Հայաստանի առաջնության և վերջերս կայացած միջազգային մրցաշարերի արդյունքները. «Տարին հագեցած է մրցաշարերով, որոնք ժամանակային շատ քիչ տարբերությամբ հաջորդում են իրար: Դրա համար այնպիսի կազմ ենք ընտրել, որ վարկանիշային և մինչև 23 տարեկանների մրցաշարերին հավասարաչափ ուժերով մասնակցենք»:

Խոսելով առաջիկա ստուգատեսում Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի բացակայության մասին՝ հավաքականի գլխավոր մարզիչն ընդգծել է, որ նա թարմ ուժերով և մարտական տրամադրվածությամբ պատրաստվում է Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերին. «Արթուրը կմասնակցի Բուխարեստի միջազգային մրցաշարին, որն անցկացվելու է Օլիմպիական խաղերից առաջ: Նա իրեն լավ է զգում, թարմ ուժերով կպատրաստվի Օլիմպիական խաղերին»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակվել էր Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմը: Վարշավայում առաջինը պայքարի են դուրս գալու ազատոճայինները. նրանք մեդալների համար կպայքարեն ապրիլի 19-21-ին, ապա մրցագորգը կզիջեն հունահռոմեականներին: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը մասնակցելու է 5 մարզիկով:

Հավաքականի մարզչական անձնակազմի որոշմամբ՝ Վարշավա են մեկնելու Գևորգ Թադևոսյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ) և Մարզպետ Գալստյանը (92 կգ): Գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի խոսքով՝ կազմն ընտրելիս հաշվի են առել Հայաստանի առաջնությունում և Կիևի միջազգային մրցաշարում գրանցած արդյունքները:

«Տղաներից ակնկալում եմ լավ մասնակցություն, յուրաքանչյուր գոտեմարտի պետք է մասնակցեն հաղթելու համար»,- ասել է մարզիչը և հավելել, որ մայիսի 6-9-ը Սոֆիայում (Բուլղարիա) կայանալիք Օլիմպիական խաղերի համար վարկանիշային մրցաշարի կազմը կորոշի այս առաջնությունից հետո:

Վերջերս Բուդապեշտում կայացած վարկանիշային մրցաշարի չեմպիոն դարձած և Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգրեր նվաճած Արսեն Հարությունյանը (57 կգ) և Վազգեն Թևանյանը (65 կգ) Եվրոպայի առաջնությանը չեն մասնակցելու՝ փոխարենը հատուկ ծրագրով պատրաստվելու են մարզական գլխավոր ստուգատեսին:

«Արսենը և Վազգենը մասնակցում են ուսումնամարզական հավաքին, բայց բաց կթողնեն Եվրոպայի առաջնությունը: Նրանք ոսկե մեդալ նվաճելու հավակնորդներ են, սակայն նպատակահարմար է՝ բաց թողնեն այս մրցաշարը, նրանց համար Օլիմպիական խաղերին պատրաստվելու հատուկ ծրագիր կլինի: Մայիսին կամ հունիսին ուղեգիր նվաճած ըմբիշները կմասնակցեն միջազգային մրցաշարի»,- ասել է Հաբեթնակ Կուրղինյանը:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth