Մշտական կացարաններով ապահովվել է ավելի քան 3000 տեղահանված ընտանիք

Մշտական կացարաններով ապահովվել է ավելի քան 3000 տեղահանված ընտանիք

Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի հետևանքով՝ Արցախի բռնազավթված բնակավայրերից ավելի քան 35 հազար մարդ տեղահանվեց իր մշտական բնակության վայրից։

Այս մասին «Արցախպրեսի» հետ զրույցում նշել է Արցախի պետական նախարար, ֆինանսերի նախարար Գրիգորի Մարտիրոսյանը՝ անդրադառնալով պատերազմի սոցիալ-տնտեսական հետևանքներին։ Պետնախարարի խոսքով՝ Արցախում կացարանով ապահովվել է բռնազավթված տարածքներից տեղահանված 2668 ընտանիք, իսկ հյուրանոցներում՝ 958 մարդ:

Նրանց բնակարանների վարձավճարները, ինչպես նաև Արցախի ողջ բնակչության կոմունալ և կապի ծառայությունների վճարները մասնակի հատուցվում են պետության կողմից: Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կառավարությունների սոցիալական աջակցության համատեղ ծրագրերի շնորհիվ բնակչությունն աստիճանաբար վերադառնում է իր առօրյային: «Պատերազմը թողեց բավականին խոր ու ցավոտ վերքեր:Ունեցանք մեծաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվեցին բնակելի տներ, առողջապահական, կրթական հիմնարկներ ու մշակութային օջախներ, ենթակառուցվածքներ։ Կաթվածահար եղավ տնտեսությունը` կրելով նյութական մեծ վնասներ։ Անշուշտ, այս ամենը հետպատերազմյան Արցախում բազում ու բազմապիսի խնդիրներ ստեղծեց, որոնց թվում՝ իրենց լուծման հրատապությամբ առանձնացվեցին սոցիալական ու տնտեսական խնդիրները:

Հայաստանի Հանրապետության, սփյուռքահայության, Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորքերի հումանիտար կենտրոնի օգնության շնորհիվ, ինչպես նաև առավելագույնս օգտագործելով մեր ներուժը՝ քայլեր ենք ձեռնարկում կյանքի բոլոր ոլորտներում մարդկանց համար նորմալ պայմաններ ապահովելու և բնականոն կենսագործունեության վերադարձնելու համար»-ասաց պետական նախարարը՝ հավելելով, որ ներկայում աշխատում են պետական կառավարման, առողջապահական, կրթական, այդ թվում` նախակրթական, մշակութային հիմնարկները, ֆինանսավարկային կազմակերպությունները, առևտրի ու ծառայությունների մատուցման օբյեկտները:

Պետնախարարն ընդգծել է, որ չնայած տնտեսական ակտիվության վերականգնման նպատակով իրականացվել են օրենսդրական փոփոխություններ` ապահովելով հարկային մեծ արտոնություններ, սակայն պետք է հաշվի առնել, որ պատերազմից հետո տնտեսության վերականգնումը, առավել ևս՝զարգացումը, մեծ ջանքեր ու միջոցներ պահանջող բարդ ու երկարաժամկետ գործընթաց է:

Անդրադառնալով ենթակառուցվածքների վերականգնման ընթացքին՝ Գրիգորի Մարտիրոսյանը հայտնեց, որ ընթացող վերականգնողական շինարարական աշխատանքների շրջանակներում կառուցվում է նաև էներգամատակարարման բարձրավոլտ նոր օդային գիծ, ինչի շնորհիվ ամբողջությամբ կվերականգնվի Հանրապետության էներգամատակարարումը։

wp-apeth