Եվս 2 միլիարդ դրամ՝ բնակապահովման ծրագրի իրականացմանը

Եվս 2 միլիարդ դրամ՝ բնակապահովման ծրագրի իրականացմանը

Գործադիրը պետբյուջեից շուրջ 2 մլրդ դրամ կուղղվի 1988-1992 թթ. Ադրբեջանից բռնագաղթած անձանց բնակապահովման ծրագրի 3-րդ փուլի իրականացման համար: Ծրագրով Շենգավիթ վարչական շրջանի ժամանակավոր կացարաններում բնակվող Ադրբեջանից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին կտրամադրվեն բնակարանների գնման վկայագրեր։ Նախատեսվում է լուծել Շենգավիթում բնակվող 168 հավակնորդ շահառու ընտանիքի բնակարանային խնդիրը և ավարտին հասցնել Երևան քաղաքում առաջնահերթ ծրագրի իրականացումը: Հիմնավորման համաձայն՝ 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած, ժամանակավոր կացարաններում բնակվող անձանց մշտական բնակարանով ապահովման ծրագիրըիրականացվում է փուլային եղանակով՝ հաշվի առնելով ֆինանսական միջոցների արդյունավետ կառավարումը: Ծրագրի առաջին փուլն ուղղված է լուծելու Երևան քաղաքի Աջափնյակ, Նորք Մարաշ, Մալաթիա-Սեբաստիա, Ավան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ժամանակավոր կացարաններում բնակվող Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների բնակարաններով ապահովման խնդիրը։ Ընթացքի մեջ է ծրագրի երկրորդ փուլը, որով բնակարանների գնման վկայագրեր են տրամադրվում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նոր Նորք, Արաբկիր, Դավթաշեն վարչական շրջաններում բնակվող շահառուներին։ Ծրագրի երկու փուլերի շրջանակում ընդհանուր առմամբ հատկացվել է 183 բնակարանի գնման վկայագրեր, որոնցից 44 տոկոսն (81 վկայագիր) իրացված է, իսկ մնացածը գտնվում են իրացման փուլում:

Կառավարության համապատասխան որոշմամբ գումար կհատկացվի Պաշտպանության նախարարությանը՝ զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Հայկ Զաքարյանի բուժումը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում իրականացնելու նպատակով:

wp-apeth