Հայաստանում պատվաստված է ընդամնեը 2690 մարդ

Հայաստանում պատվաստված է ընդամնեը 2690 մարդ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:  Նախքան օրակարգային հարցի քննարկումը վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին: «Արդեն ավելի, քան մեկ տարի մենք ապրում ենք համավարակի պայմաններում, և մեր ռազմավարությունն ի սկզբանե եղել հետևյալը՝ սովորել ապրել կորոնավիրուսի պայմաններում, այսինքն՝ բնականոն կյանքից մաքսիմալ պակաս շեղումներով: Եվ, ըստ էության, մենք այսօր գտնվում ենք այդպիսի իրավիճակում, բայց այս ռազմավարությունն ունի երկրորդ մաս, որը չափազանց կարևոր է: Խոսքը կորոնավիրուսից պատվաստման գործընթացի մասին է: Իհարկե, պատերազմի և հետպատերազմական իրադրության պատճառով մենք, գուցե, անհրաժեշտ ուշադրություն չենք դարձրել այս խնդրին, բայց մենք հիմա ունենք պատվաստման բավականին մեծ պոտենցիալ, սակայն բախվում ենք մի խնդրի հետ, որ այդ պոտենցիալը պատշաճ չափերով և մասշտաբներով չի իրականացվում, ինչը որոշակի ռիսկեր է առաջացնում ոչ միայն առողջապահական, այլև՝ տնտեսական»,-ասել է վարչապետի պաշտոնակատարը՝ հավելելով, որ ժամանակակից աշխարհում տնտեսության համար և տնտեսական ակտիվության առումով կարևորագույն գործոն է, թե երկրում բնակչության որ մասն է պատվաստված կորոնավիրուսից, և նաև որպես զբոսաշրջության ուղղություն՝ երկրները գնահատվում են նաև այս չափանիշով:

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը մանրամասներ է ներկայացրել կորոնավիրուսից պատվաստման գործընթացի վերաբերյալ. «Այսօր մենք գրանցել ենք 656 դրական նոր դեպք: Այս պահին ունենք վարակված 3 257 քաղաքացի, որից ավելի քան 2000-ը գտնվում է հիվանդանոցներում: Երեկ, ցավոք, գրանցել ենք 16 մահ: Եվ մեծ ցավով պիտի նշեմ, որ մահվան դեպքերով արդեն հատել ենք 4000-ի սահմանը:

Այսօր կառավարության ջանքերի շնորհիվ, Հայաստանում հասանելի են պատվաստանյութները, ստեղծված են բոլոր անհրաժեշտ ինֆրաստրուկտուրաները, որպեսզի քաղաքացիները հեշտությամբ պատվաստվեն: Մի քանի օր է արդեն, կարելի է ասել, որ պատվաստանյութը հասանելի է 18 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացու: Եվ մենք փոփոխություններ ենք մտցրել նաև պոլիկլինիկաներում, ամբուլատորիաներում սպասարկման կարգի մեջ՝ փորձելով հնարավորինս հեշտացնել դիմելու ձևերը: Անկախ կցագրված վայրից, սիրելի քաղաքացիներ, կարող եք ձեր նախընտրած պոլիկլինիկայում հերթագրվել և ստանալ պատվաստանյութը: Նշեմ, որ հաջորդ շաբաթվանից մենք կունենանք նաև շարժական թիմեր, որոնք տեղակայված կլինեն քաղաքի բավական բանուկ մասերում, և ևս մեկ քայլ կմոտեցնեն պատվաստման հնարավորությունը մեր քաղաքացիներին:

Պատվաստումների գործընթացը, իհարկե, առաջնահերթ ունի առողջապահական նշանակություն: Այն միակ միջոցն է, որը օգնելու է վերջ դնելու մահերի աղետալի ընթացքին և հաջորդական ալիքներին զսպելու և թույլ տալու, որպեսզի մենք ի վերջո այս թեման փակված համարենք: Եվ պատվաստումը 100 տոկոսով, բոլոր այն պատվաստանյութերը, որոնք առկա են Հայաստանում, պաշտպանում են հիվանդացության ծանր և ծայրահեղ ծանր ընթացքից: Ուզում եմ նշել, որ ռիսկը պատվաստանյութից որևէ թեթև կամ կողմնակի ծանր ազդեցության, գրեթե զրոյական է, եթե համեմատում ենք COVID-ով վարակվելու և դրա հետևանքով առողջությանը ծանր և, ցավոք, նաև մահվան դեպքերով: Ուստի, խնդրում եմ, հորդորում եմ, որ մենք ևս, հարգելի գործընկերներ, ակտիվ ներգրավվենք պրոցեսին, և մեր օրինակով ցույց տանք, որ սա առաջնային կարևոր խնդիր է, որ պետք է լուծենք: Ես երեկ պատվաստվել եմ, պարոն Ավինյանը՝ ևս: Ինձ զգում եմ շատ լավ և հույս ունեմ, որ այս օրինակը վարակելի կլինի»:

Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամներին առաջարկել է պատվաստվել առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում: «Մենք այսօր ունենք հետևյալ պատվաստանյութները՝ «Աստրազենեկա», «Սպույտնիկ V» և առաջիկայում պատրաստվում ենք ստանալ Չինաստանից պատվաստանյութ: Եկեք արձանագրենք հետևյալը. եթե որևէ պատվաստանյութ ներկայացնի որևէ վտանգ մեր քաղաքացիների առողջությանը, կյանքին, Հայաստանի կառավարությունն այդ պատվաստանյութն ուղղակի չի ընդունի: Մենք մեծ հարգանք ունենք բոլոր արտադրողների և գործընկերների նկատմամբ, բայց ուզում եմ տեղեկացնել, որ մեր փոխվարչապետն ու առողջապահության նախարարը երեկ պատվաստվել են «Աստրազենեկա» պատվաստանյութով, և ինչպես տեսնում եք՝ նրանց հետ որևէ արտառոց բան տեղի չի ունեցել»,-նշել է վարչապետի պաշտոնակատարը՝ հավելելով, որ լրատվական շատ մեծ շահարկումներ կան այս առումով:

«Այս պահի դրությամբ Հայաստանում պատվաստված է ընդամնեը 2690 մարդ, ինչը խայտառակ ցածր ցուցանիշ է: Հիմա աշխարհում պատվաստված քաղաքացիների թիվը երկրի որակի նշան է բոլոր առումներով՝ տնտեսական, քաղաքակրթական, քաղաքական: Այնպես, որ սա պետք է լինի մեր ամենօրյա աշխատանքը: Եթե հիմա մենք ասում ենք, որ 18 տարեկանից բարձր բոլորը կարող են պատվաստվել, եկեք ուրեմն պայմանավորվենք հետևյալը. նախ՝ մենք, հետո՝ մեր գերատեսչություններում աշխատող մեր գործընկերները: Իմիջայլոց, շատ շուտով ամբողջ աշխարհում որևէ ճամփորդության համար պատրադիր կլինի պատվաստումը: Եկեք արձանագրենք: Ես չգիտեմ, դա կլինի մի ամսից, թե մի շաբաթից, բայց որ մեկ-երկու ամսվա ընթացքում պարտադիր է, որևէ երկիր թույլ չի տալու չպատվաստված որևէ անձի մուտք գործել իր տարածք, դա ակնհայտ է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարն մեկ ամգամ ևս ընդգծել է պետական բոլոր մարմիններում պատվաստման գործընթացը պատշաճ իրականացնելու անհրաժեշտությունն ու կարևորությունը:

wp-apeth