Սահմանին առանց թույլտվության տեսալուսանկարահանումն արգելող նախագիծն ընդունվեց

Սահմանին առանց թույլտվության տեսալուսանկարահանումն արգելող նախագիծն ընդունվեց

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ««Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Փաթեթն ընդունվեց 76 «կողմ», 1 «դեմ» և 1 «ձեռնպահ» ձայներով:

Կառավարության հեղինակած փաթեթով առաջարկում է արգելել սահմանային շերտում առանց համապատասխան թույլտվության անօդաչու թռչող եւ տեսալուսանկարահանող սարքերի կիրառումը:

Գործող օրենքով կանոնակարգված չէ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի սահմանային շերտում տեսալուսանկարահանող եւ անօդաչու թռչող սարքերի օգտագործումը: Սահմանամերձ բնակավայրի բնակիչների կամ զբոսաշրջիկների նկարահանումները նման սարքերի միջոցով չեն վրիպում սահմանակից պետության սահմանապահ ծառայության ներկայացուցիչների ուշադրությունից, որն իր հերթին վերջիններիս կողմից նշված գործողությունների վերաբերյալ բողոքի արտահայտման տեղիք է տալիս:

 «Պետական սահմանի մասին» օրենքի լրացմամբ առաջարկվում է արգելել առանց համապատասխան թույլտվության օգտագործել անօդաչու թռչող սարքեր, տեսալուսանկարահանել սահմանակից պետության տարածքը, սահմանային շերտում տեղակայված ինժեներական կառույցները, արգելափակոցները, սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող շենքեր-շինությունները, դիտաշտարակները, տրանսպորտային միջոցները:

wp-apeth