Փրկարարները 388 կանչի են արձագանքել

Փրկարարները 388 կանչի են արձագանքել

Մայիսի 10-ից 16-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 388 դեպք, որից 131-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 56 հրդեհի, 3 փլուզման, 1 քարաթափման, 2 ուժեղ քամու, 10 ինքնասպանության փորձի դեպք, 54 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 136 կենցաղային կանչ. տուժել է 460 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 4 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 10 մահ: Արձանագրվել է թունավորման 394 դեպք: Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 7 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 8 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 11 տրանսպորտային միջոց: Ավելի մանրամասն

Անցած շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 388 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Գրանցվել է 56 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 24 կեղծ ահազանգ:

Փրկարարները 136 կենցաղային կանչ են ստացել, որից մոտ 80-ը՝ փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Արաբկիր, Աջափնյակ, Ավան, Կենտրոն, Էրեբունի, Նոր նորք, Շենգավիթ վարչական շրջաններում, Արարատում, Արմավիրում, Լոռիում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, անձրեւաջրերի հեռացման խողովակ, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Բնակարաններում, գրասենյակներում օձ նկատելու վերաբերյալ 28 ահազանգ է ստացել, Օձ է  հայտնաբերվել եւ անվտանգ տարածք տեղափոխվել 8 դեպքում: Տարբեր պատճառներով արգելափակված 11 մեքենա է հանվել երթեւեկելի հատված, անվտանգ տարածք է տեղափոխվել 11 մարդ:

Անցած շաբաթ փրկարարները տարբեր ուսումնական, առողջապահական հաստատություններում, համայնքապետարաններում, մասնավոր հիմնարկներում կազմակերպել են «Հրդեհաշիջման եւ տարհանման կազմակերպումն ուսումնական հաստատություններում», «Հրդեհաշիջման եւ տարհանման աշխատանքները հրդեհավտանգ օբեկտներում», «Հրդեհաշիջ­ման աշխատանքների կազմակերպումը եւ  իրականացումը դիզել-գեներատորային կայանում», «Օդային տագնապի դեպքում անձնակազ­մի պատսպարման իրականացումը», «Պատսպարման կազմակերպումը օդային տագնապ ազդանշանի դեպքեում», «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը հակառակորդի հարձակման վտանգի դեպքում», «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը եւ իրականացումը դպրոցում», «Հրդեհաշիջում եւ տարհանում», «Երկրաշարժի ժամանակ տարհանման կազմակերպումը» եւ այլ թեմաներով ուսումնավարժություններ:

Հայաստանում կորոնավիրուսի տարածման ծավալները նվազեցնելու նպատակով փրկարարները հանրային վայրերի, բանկոմատների, տրանսպորտային միջոցների ախտահանումներ են իրականացնում 2020 թվականի մարտի 30-ից: Անցած շաբաթ ախտահանման աշխատանքներ են արվել թե՛ մարզերում, թե՛ մայրաքաղաքում, ախտահանվել է ավելի քան 1000 օբյեկտ՝ կանգառ, զրուցարան, բանկոմատ, տրանսպորտային միջոց եւ այլն:

wp-apeth