Փաշինյանը՝ հայտնի տեսանյութի մասին

Փաշինյանը՝ հայտնի տեսանյութի մասին

Վարչապետի պաշտոնակատարն Փաշինյանը  կառավարության նիստում անդրադարձել է նաև ադրբեջանական կողմի հրապարակած հայտնի տեսանյութին:

«Ադրբեջանական պրոպագանդիստական մեքենան հրապարակում է 2 ժամ տևած տեսանյութից 3 րոպեանոց հատված։ Եվ այդ նույն մարդիկ վերցնում են ու հրապարակում իրենց էջերում՝ ընդ որում թաքցնելով, որ դրա սկզբնաղբյուրն ադրբեջանական է։ Սա այլ կերպ, քան թիկունքում իրականացվող քայքայիչ գործունեություն, ես չեմ կարող որակել։ Եվ եթե մենք այստեղ իրավական մեխանիզմներ չունենք, հանրությունը սրան պետք է արձագանքի, որովհետև սա անհարգալից է առաջին հերթին ՀՀ հանրության նկատմամբ»,- ասել է նա։

Երեկ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերի կողմից տարածված` հայ և ադրբեջանցի զինվորների մասնակցությամբ տեսանյութի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել 2021 թվականի մայիսի 17-ին, հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում:

«Հայտնում ենք, որ միջադեպի վերաբերյալ նշանակվել է ծառայողական քննություն: Պաշտպանության նախարարությունը հետամուտ է լինելու բոլոր հանգամանքների բացահայտմանը և համապատասխան իրավական հետևանքների կիրառմանը»,- նշել էին ՀՀ ՊՆ լրատվական բաժնից:

Ավելի վաղ սոցիալական ցանցերում ադրբեջանական աղբյուրները տարածել էին տեսանյութ՝ ինչպես են մեծ թվով ադրբեջանցի զինվորականներ քաշքշելով իրենց դիրքի մոտից հեռացնում հայ զինծառայողին։

Պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծի Վարդենիսի հատվածում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև մայիսի 17-ին վիճաբանություն է եղել: ՊՆ-ն նաև տեղեկացրել էր, թե միջադեպը շատ արագ հարթվել է:

wp-apeth