Սև լճի մերձակայքում տեղի է ունեցել վիճաբանություն. ՀՀ ՊՆ

Սև լճի մերձակայքում տեղի է ունեցել վիճաբանություն. ՀՀ ՊՆ

Մայիսի 12-ին և 13-ին Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայ-ադրբեջանական սահմանին իրականացված սադրանքներից հետո ստեղծված իրադրությունը, մայիսի 21-ի կեսօրի դրությամբ, էական փոփոխություններ չի կրել, հայտնում են ՀՀ ՊՆ լրատվական բաժնից:

«Մայիսի 20-ի երեկոյան, հայկական և ադրբեջանական սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներով տարածվող՝ հայ և ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ տեսանյութերի պատճառաբանությամբ, Սև լճի մերձակայքում, տեղի է ունեցել վիճաբանություն, որը հարթվել է վերադաս հրամանատարության ջանքերով։

ՀՀ պաշտպանության նախարարությունը հորդորում է ձեռնպահ մնալ նմանատիպ տեսանյութերի տարածումից։ Դրանք որևէ կերպ չեն օգնում խնդրի խաղաղ հանգուցալուծմանը՝ նպաստելով լարվածության անհարկի ավելացմանը։

Ընդհանուր առմամբ՝ իրավիճակը կայուն է։ Հայկական ԶՈՒ ստորաբաժանումները լիարժեք վերահսկում են իրադրությունը՝ շարունակելով արգելափակված պահել ադրբեջանցի զինվորականներին»,- նշված է ՀՀ ՊՆ հաղորդագրությունում:

Երեկ՝ մայիսի 20-ին, հայ և ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ Սև լճի մերձակայքում տեղի ունեցած վիճաբանության հետևանքով հայկական և ադրբեջանական կողմերի զինվորները վնասվածքներ են ստացել։ Այս տեղեկությունը news.am-ի հետ զրույցում հաստատել են ՊՆ-ից։

«Հիմնականում թեթեւ մարմնական վնասվածքներ են ստացել, լուրջ բան չկա»,- փոխանցել են ՊՆ-ից՝ չհստակեցնելով տուժածների թիվը։

Նշենք, որ ավելի վաղ ՊՆ-ից հայտնել էին, որ մայիսի 20-ի երեկոյան, հայ եւ ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ վիճաբանություն է տեղի ունեցել, սակայն վիրավորների մասին չէր հաղորդվում։ Ավելի ուշ Armlur.am-ը հաղորդել էր, որ  միջադեպի հետեւանքով 11 զինվոր է  տեղափոխվել  Գորիսի հիվանդանոց։

wp-apeth