Զինամթերքի հայտնաբերման 45 դեպք․ Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

Զինամթերքի հայտնաբերման 45 դեպք․ Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

Մայիսի 17-23-ն ընկած ժամանակահատվածում Արցախի Ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնը գրանցել է 790 զանգ:

Նախորդ շաբաթվա համեմատ նվազել է հրդեհների թիվը։ 8 կանչից 5-ը գրանցվել է չոր խոտածածկերում, երեքը՝ տրանսպորտում, վագոն-տնակում եւ բնակելի տան խոհանոցում: Տուժածներ չկան։

Զենք-զինամթերքի հայտնաբերման մասով 45 կանչ է եղել։ ԱԻՊԾ սակրավորները, ռուս գործընկերները, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը եւ «The Halo trust» ոչ կառավարական կազմակերպության ջոկատները ինժեներահետախուզական աշխատանքներ են իրականացնում բոլոր շրջաններում:

Մեկ շաբաթում հայտնաբերվել եւ վնասազերծվել են հակատանկային 6 ական, թնդանոթի 2 արկ, BM-21 տեսակի 15 հրթիռ, հակահետեւակային 1 եւ ականանետի 6 ական, 1 հատ գնդիկաբեկորային ավիառումբ, նռնականետի 1 ական եւ ձեռքի 6 նռնակ:

Ջերմաստիճանի կտրուկ բարձրացումով պայմանավորված՝ Արցախում ակտիվացել է սողունների շարժը:  Օձի հայտնաբերման 7 դեպք է արձանագրվել:

Ջրամատակարարման, հիվանդ տեղափոխելու, դուռ կամ վերելակ բացելու, ինչպես նաեւ այլ տեխնիկական ու կենցաղային օգնության նպատակով քաղաքացիները դիմել են 41 անգամ։

Ճանապարհատրանսպորտային պատահարի 1 դեպք է գրանցվել Մարտունու շրջանում: Շրջանային ԱԻ բաժնի փրկարարները տուժածին ցուցաբերել են առաջին օգնություն եւ տեղափոխել բուժհաստատություն:

Մայիսի 24-ին վերսկսվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում զոհված զինծառայողների աճյունների որոնման աշխատանքը։

wp-apeth