Կփոխհատուցվի ևս 2735 ուսանողի ուսման վարձը

Կփոխհատուցվի ևս 2735 ուսանողի ուսման վարձը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցի քննարկումը վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպին։

Կառավարությունն ընդունել է որոշում՝ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողների, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց ուսանող երեխաների և ամուսինների 2020-2021թթ. ուսումնական տարվա մեկ կիսամյակի ուսման վարձը փոխհատուցելու նպատակով:

Ինչպես նշել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, կառավարության նախկինում ընդունած համապատասխան որոշումներով ուսման վարձի փոխհատուցում է տրամադրվել 4213 ուսանողի՝ հատկացնելով 895,4 մլն դրամ: Կառավարության այսօրվա որոշմամբ նախատեսվում է վերաբաշխում կատարել պետբյուջեում և փոփոխություններ ու լրացումներ նախկինում ընդունած որոշումներից մեկում. ԿԳՄՍ նախարարությանը հատկացված գումարներից 586,5 մլն դրամը կուղղվի ևս 2735 ուսանողի ուսման վարձը փոխհատուցելուն: «Նախագծի ընդունման արդյունքում ընդհանուր առմամբ փոխհատուցում ստացողների թիվը կկազմի 6948, իսկ փոխհատուցման չափը՝ 1,463,861.7 հազար դրամ»,-ասել է նախարարի պաշտոնակատարը:

wp-apeth