Շարունակվում են բուհերի ֆինանսավորման նոր մոդելի քննարկումները

Շարունակվում են բուհերի ֆինանսավորման նոր մոդելի քննարկումները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն արվեստի կրթական ծրագրեր իրականացնող բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ֆինանսավորման նոր մոդելի մշակման և ներդրման հարցերը:

Ընդգծելով, որ բուհերի ֆինանսավորման ներկա մոդելը զարգացման հնարավորություն չի ընձեռում, նախարարի տեղակալն անդրադարձել է գործող մոդելը փոփոխելու անհրաժեշտությանը։

«Եթե բուհի բյուջեի 65-70 տոկոսը կազմում է աշխատավարձի ֆոնդը, մնացածն էլ պահպանման ծախսն է, այդ բուհը չի կարող զարգացում ունենալ: Պետությունը կարևորում է ֆինանսավորման համակարգի փոփոխությունը` որպես նպատակ ունենալով որակյալ մասնագետների թողարկումը»,- նշել է Կարեն Թռչունյանը՝ ավելացնելով, որ ֆինանսավորման բանաձևի շուրջ ընթացող քննարկումների նպատակը բուհերի մոտեցումներին և առաջարկներին ծանոթանալն է:

Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել արվեստի ոլորտի կրթական ծրագրերի իրականացման և ֆինանսավորման առանձնահատկություններին: Այդ համատեքստում բուհերի պատասխանատուները ներկայացրել են իրենց մոտեցումները: Անդրադարձ է եղել ֆինանսավորման բանաձևի գլխավոր բաղադրիչներից մեկի՝ ուսանողների և դասախոսների թվի հարաբերակցության գործակցին։

Առաջարկություններից մեկի համաձայն` կրթական որոշ ծրագրերի, օրինակ՝ երաժշտական արվեստի ֆինանսավորումը, պետությունը պետք է ամբողջությամբ իր վրա վերցնի, քանի որ արվեստի ոլորտը չի կարող զարգանալ առանց պետական լիարժեք հոգածության:

Բարձրացվել է նաև բարձրագույն մասնագիտական կրթության ինքնարժեքի հաշվարկման մեթոդաբանության հարցը. դրա մեջ զարգացման բաղադրիչը պե՞տք է ներառել, թե՞ ոչ, որքանո՞վ է զարգացման բաղադրիչը հաշվի առնվում պետության կողմից բուհերին տրվող պետական պատվերի ժամանակ, և ընդհանրապես ինչպե՞ս է հաշվարկվում այս կամ այն մասնագիտական վարձավճարի չափը։ Նշված և այլ հարցերի ուսումնասիրության և վերլուծության գործում ԿԳՄՍ նախարարությունը, ըստ Կարեն Թռչունյանի, ակնկալում է բարձրագույն ուսումնական հաստատությունների շահագրգիռ աջակցությունը։

Անդրադառնալով ուսումնական ծրագրերում հետազոտական բաղադրիչի ներդրման հարցին՝ նախարարի տեղակալը նշել է, որ հետազոտական բաղադրիչը նպաստում է առաջնային դիտվող կոմպետենցիաների ձևավորմանը, որն էլ իր հերթին կարող է նպաստել արդի կրթության որակական կարևոր ցուցիչներից մեկի՝ քննական մտածողության զարգացմանը։

Հանդիպման ավարտին նախարարի տեղակալը նշել է, որ ֆինանսավորման բանաձևի շուրջ քննարկումները տարբեր ձևաչափերով լինելու են շարունակական։

wp-apeth