Հայհոյանքը դարձել է նախընտրական քարոզարշավի արատավոր երևույթ. ՄԻՊ

Հայհոյանքը դարձել է նախընտրական քարոզարշավի արատավոր երևույթ. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանը բոլոր քաղաքական ուժերից ու գործիչներից խստիվ պահանջում է դադարեցնել հայհոյելը կամ դա բացահայտ խրախուսելը: ՄԻՊ-ի հայտարարության մեջ նշվում է, որ հայհոյանքը, այն էլ դա հրապարակային անելն ագրեսիվացնում է մթնոլորտը:

«Ցավոք, այս նախընտրական քարոզարշավի արատավոր երևույթ է դարձել հայհոյանքը: Եղկելի բառերով, սեռական բնույթի հայհոյանքներով տարբեր քաղաքական ուժեր ու գործիչներ իրար ուղիղ հրապարակային հայհոյում են: Զգուշացնում եմ, որ ձեր հայհոյանքի բառերն արագ տարածվում են մարդկանց մեջ, հետո մարդիկ իրար են հայհոյում, ձեզ են հայհոյում ձեր իսկ օգտագործած բառերով: Կան դեպքեր էլ, որ չնայած հայհոյանքից բողոքում են, բայց նաև անհամբեր սպասում են այդ հայհոյանքին, որ կեղծ ու իրական էջերով ակտիվ տարածեն` զոհի կերպարանք ընդունելով ու ավելի շատ հայհոյելով: Ընդ որում, ինչ-որ ուժի կամ գործչի աջակցող կեղծ էջերից արհեստական հարձակումներով էլ Մարդու իրավունքների պաշտպանից են սկսում պահանջել առանձին-առանձին անդրադառնալ հայհոյանքի ամեն բառի ու գնահատական տալ կոնկրետ իրավիճակների:

Վերջին օրերին նորից սկսվել են հասցեագրվել պաշտոնյաների պաշտպանելու դիմումներ` բացահայտ անտեսելով, որ Պաշտպանը պաշտոնյա պաշտպանող կամ մասնավոր անձանց միջև հայհոյանքի գործ քննող չէ, «մոռանալով», որ դրա համար կան իրավապահ մարմիններ ու դատարան: Հայհոյանքը, այն էլ դա հրապարակային անելն ագրեսիվացնում է մթնոլորտը, ավելացնում է լարվածությունը: Այն չի կարելի դարձել հանրային օրակարգի մաս: Բոլոր քաղաքական ուժերից ու գործիչներից խստիվ պահանջում եմ դադարեցնել հայհոյանքի հանրային օրակարգ զարգացնելու ու բացահայտ խրախուսելու արատավոր պահվածքը»,-ասված է հայտարարության մեջ:

wp-apeth