Բոլորը խաղում են Երևանում բացի «Արարատից»

Բոլորը խաղում են Երևանում բացի «Արարատից»

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ Երևանն ընդունելու է  Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի երկու հանդիպում: Նշվում է, որ Ղազախստանի և Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիաներից դիմել էին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ խնդրելով իրենց թիմերի մասնակցությամբ հանդիպումներն անցկացնել Հայաստանի մայրաքաղաքում:

Նույն օրը (հուլիսի 29) ժամը 17:00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա «Շախտյոր» (Ղազախստան) – «Ստյաուա» (Ռումինիա) հանդիպումը, իսկ 20:00-ին Ավանի ակադեմիայում կմրցեն Բելառուսի «Դինամո Բրեստն» ու Չեխիայի «Վիկտորիա Պլզենը»: Ամենագլխավորը թերևս այս ամենում. մրցավարների տեսուչները կլինեն Հայաստանից (Գևորգ Հովհաննիսյան, Կարեն Նալբանդյան): Ի դեպ, ՀՖՖ հաղորդագրությունում հատուկ ընդգծված է՝ հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների, մեդիայի ներկայացուցիչները ևս չեն կարողանա ներկա լինել հանդիպումներին:

Թե ում համար է ՀՖՖ լրատվական բաժինը այս հաղորդագրությունը տարածել, դժվար է հասկանալ՝ հաշվի առնելով այն, որ խաղերին ոչ երկրպագուներ են լինելու, ոչ էլ լրագրողներն իրավունք ունեն ներկա լինել խաղերին:

Դժվար է այս ամենը հասկանալ այն ֆոնին, երբ Երևանի «Արարատը» ստիպված էր եվրագավաթային իր տնային խաղերն անցկացնել Գյումրիում: «Արարատից» հայտնել էին, որ Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության առաջին փուլի «Ֆեհերվարի» հետ պատասխան հանդիպումը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում անցկացնելը հնարավոր չի եղել մարզադաշտի զբաղվածության պատճառով:

«ՀՖՖ-ն որոշել է միջազգային հանդիպումներ անցկացնելու համար մարզադաշտը տրամադրել «Ալաշկերտ» և «Նոա» ակումբներին»,- նշված էր «Արարատի» պաշտոնական հաղորդագրությունում:

Նկատենք, որ խաղային այդ օրը «Ուրարտուն» իր տնային խաղն անցկացրեց սեփական մարզադաշտում, «Ալաշկերտն» իր տնային խաղն անցկացրել էր մեկ օր առաջ, իսկ «Նոան» այդ օրը մրցեց մրցակցի հարկի տակ:

«Արարատը» դեռ շարունակում է պայքարը և հուլիսի 29-ին մրցակցի դաշտում մրցելու է լեհական «Շլյոնսկի» հետ: Առաջին խաղում արարատցիները Գյումրիում 4:2 հաշվով պարտություն են կրել: «Արարատ» – «Շլյոնսկ» զույգի հաղթողը Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության երրորդ փուլում կխաղա Արդա (Բուլղարիա) – Հապոել Բեեր Շևա (Իսրայել) զույգի հաղթողի հետ:

wp-apeth