163 հազար պատվաստում են իրականացրել

163 հազար պատվաստում են իրականացրել

Տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանը Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանից հետաքրքվել է պատվաստումների գործընթացից:

Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, որ պատվաստումների նկատմամբ ակտիվությունն անընդհատ աճում է. «Մենք 163 հազար պատվաստում ենք իրականացրել։ Իհարկե, այս որոշման շրջանակում ձեռք բերվող պատվաստանյութերի արագ մատակարարումը ևս կխթանի, որ մեր քաղաքացիներն ավելի ակտիվ պատվաստվեն: Դա կարևորագույն երաշխիք է աշնանը՝ նոր ուսումնական տարվա մեկնարկին, ունենալ ավելի շատ պատվաստված անձինք։ Մենք նաև նախապատրաստում ենք որոշակի սահմանափակումների փաթեթ, որը շուտով կներկայացնենք կառավարության դատին։ Ինչպես տեսնում ենք, բոլոր երկրները և սահմանափակումների, և՛ խրախուսման որոշ գործիքակազմ են կիրառում և փորձում են հնարավորինս ապահովել բնակչության պատվաստումների բարձր ցուցանիշներ։ Եթե նախկին շտամերի պարագայում բնակչության թիրախային ցուցանիշ վերցվում էր 65 տոկոսը պատվաստման համար, ներկայումս այս «դելտա շտամի» պարագայում, քանի որ տարածելիությունը բավական բարձր է, ԱՀԿ խորհուրդ է տալիս երկրներին, պատվաստման ցուցանիշը բարձրացնել 75 տոկոսից ավելի։ Գիտեք, որ տարածաշրջանում բավականին լարված իրավիճակ ունենք, ցավոք, հարևան Վրաստանում ևս համաճարակային իրավիճակը լարված է։ Մենք Հայաստանում պահպանում ենք կայուն հարաբերական վիճակ, բայց ամեն շաբաթ մի փոքր աճ նկատում ենք։ Ուստի պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այս միտումը պահպանվի և կտրուկ աճ չունենանք։ Երեկվա դրությամբ ունեցել ենք 233 նոր դեպք, կատարվել է ընդհանուր առմամբ 5930 թեստավորում»։

Նիկոլ Փաշինյանը կրկին ընդգծել է պատվաստման գործընթացի կարևորությունը: «Պետք է արդյունավետ շարունակենք իրականացնել պատվաստանյութերի ձեռք բերումը և պատվաստման գործընթացը։ Այս համատեքստում պետք է շատ ակտիվ համագործակցենք մեր գործընկերների հետ, նաև փոխադարձ օգնության և աջակցության մեր ավանդույթները շարունակենք պահպանել։ Գոհունակությամբ ուզում եմ ընդգծել, որ, մասնավորապես, Վրաստանի հետ մենք բավականին ակտիվ համագործակցության ավանդույթ ունենք, պատվաստանյութերի փոխանակման առումով։ Ուզում եմ մեծ գոհունակությամբ նշել և շնորհակալություն հայտնել Վրաստանի կառավարությունը, որ որոշում են կայացրել 50 հազար դոզա պատվաստանյութ նվիրել, փոխանակման կարգով, Հայաստանի Հանրապետությանը»,-ասել է վարչապետի պաշտոնակատարը՝ հավելելով, որ համագործակցությունը կարևոր է, որովհետև երկու երկրների քաղաքացիների միջև առկա է ակտիվ հաղորդակցություն և համավարակի դեմ պետք է միասնական պայքարել:

Անահիտ Ավանեսյանն էլ հավելել է, որ երեկ Լիտվայի կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետությանը ևս 27 հազար դեղաչափ պատվաստանյութ նվիրաբերելու որոշումը. «Այսինքն, այս գործընթացը շարունակական է։ Բոլոր երկրները փորձում են մեկը մյուսին օգնության միջոցով հավասարության սկզբունքն ապահովել, քանի որ համավարակը սահմաններ չի ճանաչում, և բոլորս պետք է միասնական ուժերով փորձենք այն հաղթահարել»:

wp-apeth