Պեսկովը չի մեկնաբանել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ՌԴ սահմանապահ հենակետերի տեղակայման գաղափարը

Պեսկովը չի մեկնաբանել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ՌԴ սահմանապահ հենակետերի տեղակայման գաղափարը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռուսական սահմանապահ հենակետեր տեղակայելու գաղափարը։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, Պեսկովը այս մասին ասել է՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես են Կրեմլում վերաբերվում Փաշինյանի նախաձեռնությանը:

«Երևանի հետ շփումները շարունակվում են, ավելին ավելացնելու ոչինչ չունեմ», – ասել է Պեսկովը:

ՌԴ նախագահի մամուլի խոսնակը նշել է, որ Ռուսաստանը շատ ջանքեր է գործադրել հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմը վերականգնելու համար, աշխատանքները շարունակվում են:

«Երեկ հայ-ադրբեջանական սահմանին լարվածություն է եղել: Գիտեք, որ Ռուսաստանի ներկայացուցիչները շատ ջանքեր են գործադրել, որպեսզի հրադադարի ռեժիմը վերականգնվի: Աշխատանքները շարունակվում են, Ռուսաստանը շարունակում է իր շփումները Երևանի և Բաքվի հետ, որպեսզի լիարժեք ապահովի եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը», – ասել է Պեսկովը:

Հուլիսի 29-ի Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խոսել է ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով ռուս սահմանապահների հենակետերի տեղակայման հավանականության մասին և նշել, որ այն հնարավորություն կտա սահմանազատման և սահմանագծման աշխատանքներն իրականացնել առանց ռազմական բախումների ռիսկի:

wp-apeth