Արցախից եկած անձանցից բարեգործության պատրվակով փող էր հափշտակել. ոստիկանության բացահայտումը

Արցախից եկած անձանցից բարեգործության պատրվակով փող էր հափշտակել. ոստիկանության բացահայտումը

Մայիսի 29-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժին նույնաբովանդակ երկու ահազանգ է ստացվել։ Ահազանգող տղամարդիկ, որոնք Արցախյան երկրորդ պատերազմից հետո բնակություն են հաստատել Կողբ համայնքում, հայտնել են, որ իրենց է զանգել մի տղամարդ, ներկայացել Կարեն անվամբ ու ասել, որ աշխատում է բարեգործական կազմակերպությունում։ Հայտնել է, որ Արցախից եկած ընտանիքներին օգնություն են տրամադրում, որը տեղ հասցնելու համար, որպես ճանապարհածախս, մի արցախցուց պահանջել է՝ 55, մյուսից՝ 50 հազար դրամ: Տղամարդիկ պահանջած գումարը էլեկտրոնային եղանակով փոխանցել են նրան, սակայն իրենց օգնություն չի տրամադրվել, հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:

«Նոյեմբերյանի ոստիկանները, համագործակցելով Էրեբունու բաժնի քրեական հետախույզների հետ, ձեռնարկեցին մի շարք օպերատիվ միջոցառումներ՝ պարզելով, որ Կարեն ներկայացած և խարդախությամբ փող հափշտակած անձը Երևանի բնակիչ է, 30 տարեկան։ Պարզվեց նաև, որ նա ներկայացել է այլ անվամբ։ Կասկածվողը հունիսի 1-ին հայտնաբերվեց, բերման ենթարկվեց Նոյեմբերյանի բաժին ու խոստովանական բացատրություն տվեց։ Դեպքերի հանգամանքները քննությամբ պարզվում են»,- ասված է հաղորդագրությունում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

wp-apeth