Ռուս խաղաղապահները խմելու ջրով են ապահովել ավելի քան 200 ընտանիքների

Ռուս խաղաղապահները խմելու ջրով են ապահովել ավելի քան 200 ընտանիքների

Արցախում ռուս խաղաղապահները խմելու ջրով են ապահովել Ստեփանակերտում եւ Արցախի հեռավոր շրջաններում բնակվող ավելի քան 200 ընտանիքների: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Արդեն տասներորդ օրն է, ինչ ջուր չկա։ Անչափ շնորհակալ ենք, որ ջուր բերեցիք։ Այն միշտ չի հերիքում, հատկապես՝ ամռանը։ Մենք երկրորդ հարկում ենք ապրում, վեց հոգի ենք։  Շատ շնորհակալ ենք ջրի համար եւ ոչ միայն ջրի, ամեն ինչի համար ենք շնորհակալ»,-ասել է Լեռնային Ղարաբաղի բնակչուհի Ալինա Հակոբյանը:

Երկու օրվա ընթացքում խաղաղապահ զորակազմի նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանումները մոտ 15 տոննա խմելու ջուր են հասցրել Լեռնային Ղարաբաղի բնակիչներին:

«Ուզում եմ ասել, որ մեզ համար շատ դժվար էր ջուրը հանել չորրորդ հարկ։ Դույլերով այգի եւ տարբեր տեղեր էինք գնում, որպեսզի ինչ-որ կերպ ջուր հայթայթեինք։ Բակում ոչ մի անգամ ջրատար մեքենա չի եղել։ Դուք եկաք եւ ջուր բերեցիք, շատ շնորհակալ ենք։ Վերջապես ձեր ջրատար մեքենայից մի քիչ ջուր վերցրինք։ Ուզում եմ, որ դուք երկար մնաք այստեղ»,-ասել է Ստեփանակերտի բնակիչ Տիգրան Աբրահամյանը:

Մինչեւ ջրային կայանի նորոգման-վերականգնողական աշխատանքների ավարտը եւ խողովակաշարի անցկացումը Լեռնային Ղարաբաղի քաղաքներում եւ շրջաններում խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ամեն օր տեղի բնակիչներին ջրով կապահովեն:

«Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը որոշում է կայացրել Ստեփանակերտ քաղաքի տեղական ինքնակառավարման մարմինների դիմումի կապակցությամբ խմելու ջրով ապահովել տեղի բնակչությանը: Կազմվել է ջրի ամենօրյա փոխադրման ժամանակացույց։ Այսօրվա դրությամբ շուրջ 10 տոննա խմելու ջուր է տրամադրվել տեղի բնակչությանը»,-ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Վլադիսլավ Դեմկինը:

Ռուս խաղաղապահները նաեւ ապահովում են անվտանգությունը Մարտունու շրջանի արտեզյան հորից ջրագիծ անցկացնելու ընթացքում՝ Թաղավարդ եւ Կարմիր շուկա բնակավայրերի բնակիչներին ջուր մատակարարելու համար:

wp-apeth