Օձի հայտնաբերում ու հրդեհ Ստեփանակերտի բնակելի տներից մեկում
Օգոստոսի 24-ին ժամը 11:27-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Ուլուբաբյան 33 հասցեում, բնակելի տան բակում օձ է հայտնաբերվել՝ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում են ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունից:
Կանչի վայր է մեկնել ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը, հայտնաբերել «Լորտու» տեսակի սողուն և տեղափոխել անվտանգ տարածք:
Նշվում է, որ օգոստոսի 24-ին 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Վաղարշյան 1 2-րդ նրբ/1 հասցեում հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք և ծառ: Օգնություն ցուցաբերելու նպատակով կանչի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը՝ ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի գլխավորությամբ: Պարզվել է, որ տվյալ հասցեում այրվում է բնակելի տուն:
Հաղորդումը փոխանցվել է «Արցախէներգո» և «Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայան» ՓԲԸ հերթապահներին՝ արձագանքման համար: Նախնական տվյալներով այրվել է բնակելի տան բակում գտնվող փայտանյութը՝ մոտ 0,3 մ3, լվացքի մեքենա, բազմոց, մեկ բերքատու ծառ, մեկ եվրոպատուհան ու խաղողի վազերը: Դեպքի առթիվ ստուգում է իրականացնում պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը: