256 բնակիչ ունեցող Զագլիկ համայնքը մանկապարտեզի կարիք ունի
ԱՀ Մարտակերտի շրջանի Զագլիկ համայնքն ունի 256 բնակիչ. բոլորն էլ պատերազմից հետո հայրենի գյուղ են վերադարձել: Այս մասին «Արցախպրեսի» թղթակցի հետ զրույցում ասել է Զագլիկի համայնքապետ Դավիթ Ազարյանը:
Պատերազմի ողջ ընթացքում մենք պաշտպանել ենք մեր գյուղը: Պատերազմն ավարտվելուն պես՝ գյուղացիները հայրենիքի կանչով վերադարձել են իրենց տները: Տեղահանված մեր հայրենակիցներին սիրով ենք ընդունել։ Հաստատվել է 4 ընտանիք. ևս 3 ընտանիքի կարող ենք ընդունել, բայց տները պետք է վերանորոգվեն: Այս ուսումնական տարում դպրոց է հաճախում 42 աշակերտ: Մանկապարտեզ չունենք, բայց մանկապարտեզի ենթակա 31 սան ունենք: Համայնքապետարանի ու բուժկետի շենքերը գտնվում են վատթար վիճակում: Ունենք վերանորոգված ու կահավորված հանդիսությունների սրահ: Գյուղամիջյան ճանապարհները խճապատվել են, իսկ առաջիկայում նախատեսվում է ասֆալտապատել: Գյուղն ապահովված է էլեկտրաէներգիայով, գազաֆիկացված չէ, սակայն անհրաժեշտությունը զգացվում է»,- ասաց Դ. Ազարյանը:
Նա նշեց, որ բարեբախտաբար գյուղը պատերազմի ընթացքում մարդկային կորուստ չի ունեցել: Գյուղացիները զբաղվում են հողագործությամբ, անասնապահությամբ ու գյուղատնտեսությամբ: