Ավելի քան 101 հազար արցախցի աջակցություն է ստացել

Ավելի քան 101 հազար արցախցի աջակցություն է ստացել

2020թ․ պատերազմի հետևանքով տեղահանված Արցախի չափահաս և անչափահաս քաղաքացիներին տրամադրվել է 68,000 դրամ միանվագ աջակցություն, անշարժ գույք չունենալու դեպքում՝ հավելյալ 15,000 դրամ։ Ծրագրից օգտվել է ավելի քան 101,000 քաղաքացի, տրամադրվել է շուրջ 7 մլրդ 500 մլն դրամ աջակցություն, հայտնում են Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարությունից:

Արցախի Հանրապետությունում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիներին ամսական տրամադրվել է 68,000 դրամ աջակցություն՝ 4 ամիս ժամկետով։ Շահառուների թիվն ավելի քան 100,000 քաղաքացի, տրամադրվել է շուրջ 27 մլրդ դրամ աջակցություն։

Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված չափահաս և անչափահաս քաղաքացիներին տրվել է 300,000 դրամ աջակցություն։

Ծրագրից օգտվել է շուրջ 36,000 քաղաքացի, տրամադրվել է շուրջ 11 մլրդ դրամ աջակցություն։

Պատերազմական ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով բնակության համար ոչ պիտանի դարձած բնակելի անշարժ գույք ունեցող արցախցիներին տրամադրվել է միանվագ՝ 250,000 դրամ աջակցություն։

Շահառուների թիվը՝ շուրջ 5,400 քաղաքացի, տրամադրվել է շուրջ 1 մլրդ 400 մլն դրամ աջակցություն։

Արցախում բնակության հնարավորությունը կորցրած արցախցիներին հյուրընկալելու համար իրականացվել են մի քանի միջոցառումներ։ Երկու միջոցառումով իննամսյա աջակցություն է տրամադրվել արցախցի ընտանիքներին հյուրընկալող քաղաքացիների։ Երկու միջոցառման դեպքում էլ Հայաստանում հյուրընկալած ֆիզիկական անձին յուրաքանչյուր չափահաս արցախցու հյուրընկալման համար տրամադրվել է ամսական 30,000 դրամի չափով աջակցություն։ Մինչև 2021 թ․ մայիս ամիսը միջոցառման շահառու են համարվել նաև Արցախում հյուրընկալողները, որոնց տրամադրված աջակցությունը յուրաքանչյուր չափահաս արցախցու համար կազմել է ամսական 45,000 դրամ։

Ծրագրերի միջոցով մինչ օրս հյուրընկալվել է միջինում ամսական շուրջ 10,000 չափահաս քաղաքացի, տրամադրվել է շուրջ 2 մլրդ 600 մլն դրամ աջակցություն։

Համանման միջոցառում է իրականացվել նաև 2020թ․ պատերազմի հետևանքով Հայաստանում գտնվող արցախցիներին ժամանակավորապես հյուրընկալող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի աջակցելու նպատակով։ Նախորդ ծրագրերի սկզբունքով տրվել է 30,000-ական դրամ աջակցություն՝ յուրաքանչյուր չափահաս արցախցու հյուրընկալման ծախսերի փոխհատուցման համար։ Ծրագիրը վեցամսյա է։

Մինչ օրս ծրագրի միջոցով հյուրընկալվել է ամսական 325 չափահաս քաղաքացի, տրամադրվել է շուրջ 46 մլն դրամ աջակցություն։ Զուգահեռ իրականացվել է աջակցության համակարգումը բարեգործական կազմակերպությունների կողմից այս կամ այն պատճառով ծրագրին չդիմած կազմակերպություններին աջակցելու մասով։

Արցախի գործազուրկ քաղաքացիների ժամանակավոր զբաղվածության ապահովման ծրագրերի շրջանակում՝ համայնքներում իրականացվող վարձատրվող հասարակական աշխատանքներում ընդգրկվող արցախցիներին մեկ աշխատանքային օրվա համար տրամադրվել է 8,000 դրամ՝ ներառյալ եկամտային հարկը և պարտադիր վճարները։ Ծրագրերից օգտվել է՝ շուրջ 80 քաղաքացի, տրամադրվել է շուրջ 24 մլն դրամ։

Աշխատանքային փորձ ձեռք բերելու համար վճարովի պրակտիկայի ծրագրում ներգրավված Արցախի գործազուրկ քաղաքացիներին ամսական տրամադրվել է 100,000 դրամ զուտ աշխատավարձ՝ 3 ամիս ժամկետով։ Գործատուի մոտ աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացը կազմակերպող մասնագետին տրվել է ամսական 34,000 դրամ վարձատրում։ Ծրագրերից օգտվել է ավելի քան 315 քաղաքացի, տրամադրվել է 102 մլն աջակցություն։

Արցախցի մինչև 5 տարեկան երեխաներին տրամադրվել է միանվագ 20,000 դրամ աջակցություն։ Ծրագրից օգտվել է շուրջ 14,700 երեխա, տրամադրվել է ավելի քան 290 մլն դրամ։

2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի, ինչպես նաև անհայտ կորածների ընտանիքներին ու հաշմանդամություն ձեռք բերած անձանց տրամադրվել է 1-ից 5 միլիոն դրամ միանվագ աջակցություն։

Քաղաքացիական անձանց շրջանում զոհերի, ինչպես նաև անհայտ կորածների ու հաշմանդամություն ձեռք բերած 75 անձանց կամ նրանց ընտանիքի անդամներին ընդհանուր առմամբ տրամադրվել է 303 մլն դրամ աջակցություն։

Անհայտ կորած անձանց մասով միջոցառումը վերամշակվել է։ Մասնավորապես՝ քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների (ինչպես նաև գերեվարվածների) ընտանիքներին հատկացվող մինավագ դրամական օգնությունը (1.000.000 դրամ) փոխարինվել է ամսական միանվագ դրամական օգնությամբ (ամսական 300.000 դրամ)։ Ամսական միանվագ դրամական օգնության չափը հաշվարկում է սկսած 2020 թվականի դեկտեմբեր ամսից մինչև 2021 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ, եթե առկա չէ անհայտ կորած (ինչպես նաև գերեվարված) համարելու հիմքերը հայտնի դառնալու կամ դադարելու մասին տեղեկատվություն։

Եթե առկա է անհայտ կորած (ինչպես նաև գերեվարված) համարելու հիմքերը հայտնի դառնալու կամ դադարելու մասին տեղեկատվություն, ապա ամսական միանվագ դրամական օգնության չափը հաշվարկում է նշված հիմքերը հայտնի դառնալու ամսվանից մինչև հիմքերը դադարելու ամիսը ներառյալ։

Ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում (վնասվածք) ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած` բժշկական հաստատություններում ստացիոնար բժշկական օգնություն և սպասարկում ստացած զինծառայողներին (բացառությամբ՝ 1-ին, 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցողների) տրամադրվել է 500,000 դրամ-ական աջակցություն։ Ծրագրից օգտվել է շուրջ 7,400 զինծառայող, տրամադրվել է շուրջ 3 մլրդ 700 մլն դրամ աջակցություն։

Պատերազմի հետևանքով անհայտ կորած և գերեվարված զինծառայողների ընտանիքներին տրամադրվել է ամսական 300,000 դրամ աջակցություն՝ առավելագույնը 9 ամիս ժամկետով։ Գումարի բաշխումն իրականացվել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կողմից։

Ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողներին տրվել է ամսական 300,000 դրամ աջակցություն։ Տրամադրվել է շուրջ 550 մլն դրամի չափով աջակցություն։

Պատերազմի ընթացքում հրետակոծության հետևանքով անշարժ գույքին վնաս հասցված ՀՀ քաղաքացիներին տրամադրվել է միանվագ դրամական աջակցություն: Ծրագրից օգտվել է Սյունիքի մարզի 120 քաղաքացի, վնասի փոխհատուցուման նպատակով ընդհանուր առմամբ քաղաքացիները ստացել են շուրջ 52 մլն դրամ։

Պատերազմի հետևանքով Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում գտնվող բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին մինչև նոր տների կառուցումը տրվել է միանվագ 300,000 դրամ և 6 ամսվա համար` 68,000 դրամ աջակցություն։ Շահառուների թիվը՝ 44 քաղաքացի, տրամադրվել է 31 մլն դրամ։

Իրականացվել է Արցախի բնակչության կոմունալ ծախսերի ֆինանսավորում՝ շուրջ 8 մլրդ 600 մլն դրամի չափով։

Իրականացվել է արցախցիների կենսաթոշակների, նպաստների, պետական հատվածի աշխատողների աշխատավարձների, առողջապահական ծախսերի ֆինանսավորում՝ շուրջ 28 մլրդ 800 մլն դրամի չափով։

wp-apeth