Գողացած մալուխները վաճառել է մոտ 500 հազար դրամով
Ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախույզները հունիսի 2-ին տեղեկություն են ստացել, որ չարենցավանցի մի երիտասարդ գողություններ է արել։ Մասնավորապես, Չարենցավանի Գործարանային փողոցում պարբերաբար գողացել է բարձրավոլտ էլեկտրասնուցման մալուխներ։ Տեղեկությունների իսկությունը ճշտելուց հետո Չարենցավանի քրեական հետախույզները երիտասարդին հայտնաբերել ու բերման են ենթարկել բաժին, որտեղ 23-ամյա երիտասարդը խոստովանել է, որ գողություններն արել է մայիսի 28-ին ու հունիսի 1-ին։ Պարզվել է, որ գողոնը մոտ 500 հազար դրամով վաճառել է։ Գողոնը հայտնաբերվել և առգրավվել է։ Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են, հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից: