Մարմնական վնասվածք՝ մահվան ելքով

Մարմնական վնասվածք՝ մահվան ելքով

Հունիսի 5-ին հիվանդանոցից ոստիկանության Սպիտակի բաժին հաղորդում է ստացվել, որ մարմնի տարբեր հատվածներում ծակած-կտրած վերքերով 31-ամյա տղամարդ է բուժօգնության տեղափոխվել: Տուժողը անգիտակից վիճակում է եղել և կատարվածի վերաբերյալ նրանից որևէ բան պարզելն անհնար էր: Հանցագործության բացահայտման ուղղությամբ հետախուզական միջոցառումներ են սկսվել: Քրեական հետախույզները փորձել են պարզել, թե ովքեր և որտեղից էին տուժողին հիվանդանոց տեղափոխել, երբ ժամը 2.30-ին հիվանդանոցից նոր ահազանգ է ստացվել. 31-ամյա տղամարդը վիրահատարանում մահացել էր, հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:

«Ոստիկանության Լոռու մարզային վարչության, Սպիտակի բաժնի և Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում, ինչպես և նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվեց, որ հանցագործությունը կատարել է Լոռու մարզի Արևաշող գյուղի 33-ամյա մի բնակիչ. Սպիտակ քաղաքից Արևաշող տանող ճանապարհին անձնական հարցերի շուրջ ծագած վեճի ժամանակ դանակահարել էր տուժողին: Բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացավ ոստիկանության Մարաշի բաժանմունք և խոստովանեց կատարածը։ 33-ամյա տղամարդը ներկայացվել է Սպիտակի քննչական բաժին և ձերբակալվել: Դանակը հայտնաբերվել է: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,- հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:

wp-apeth