Կտպվի 66, 925 միլիոն քվեաթերթիկ

Կտպվի 66, 925 միլիոն քվեաթերթիկ

«Տիգրան Մեծ» հրատարակչատանը մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեաթերթիկների տպագրությունը։ Ընտրությունների մասնակից 25 քաղաքական ուժերից յուրաքանչյուրի համար տպագրվում է 2 մլն 677 հազար քվեաթերթիկ։ «Տիգրան Մեծ» հրատարակչության տնօրենի տեղակալ Լյուդվիգ Հարոյանը news.am-ի հետ զրույցում ասել է, որ նման քանակով քվեաթերթիկների տպագրությունն աննախադեպ է։

«Հրատարակչությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ կնքել է պայմանագիր՝ քվեաթերթիկներն ու ընտրությունների հետ կապված այլ փաստաթղթերը տպելու համար։ Մեզ ներկայացված պայմանագրի հիման վրա ընտրություններին մասնակից  25 քաղաքական ուժերից  յուրաքանչյուրի համար տպագրվում է 2 մլն 677 հազար քվեաթերթիկ։

Արտադրամասում այս պահին աշխատում է 4 հզոր տպագրական մեքենա։ Տպագրությունն ավարտելուց հետո տրցակներն ուղարկում ենք կտրման և հանձնում ԿԸՀ։

Նման բան չի եղել, որ այսքան քաղաքական ուժ մասնակցի ընտրություններին։ Տպագրության աշխատանքի ծավալը, աշխատողների քանակն ավելացրել ենք, գիշեր-ցերեկ տպագրական մեքենաներն աշխատում են, որպեսզի հասցնենք մինչև հունիսի 17-ը հանձնել քվեաթերթիկները»,- ասաց Լյուդվիկ Հարոյանը։

Քվեաթերթիկների տպագրության վերջնաժամկետը հունիսի 17-ն է։ Մինչ այդ հրատարակչությունը կտպի 66 մլն 925 հազար քվեաթերթիկ։

wp-apeth