Նռնակի պայթյունից երկու մարդ մահացել է
Հունիսի 26-ին, ժամը 22.15-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ էր ստացվել, որ նռնակ է պայթել և երկու մարդ վիրավորվել է: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 22.15-ի սահմաններում Էջմիածին քաղաքի տներից մեկում հայր ու որդի վիճաբանել են, որի ընթացքում ալկոհոլի ազդեցության տակ գտնվող 33-ամյա երիտասարդը ծեծել է հորը, ապա ննջասենյակի թաքստոցից վերցնելով նռնակը՝ քաշել է պայթուցիչի օղակը և սպառնացել պայթեցնել հորը, որին, սակայն, հաջողվել է փախչել: Երիտասարդը, այնուամենայնիվ, պայթեցրել է նռնակը, ինչի հետևանքով ներկա գտնվող 48-ամյա տղամարդը մահացել է, իսկ ինքը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է: Դեպքի վայրի զննությամբ հյուրասենյակից հայտնաբերվել է նռնակի մետաղական օղակը, իսկ միջանցքից՝ ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 3 փամփուշտ: Նշանակվել են փորձաքննություններ: Կատարվում է քննություն, հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:
ՀՀ քննչական կոմիտեի լրատվական բաժնից տեղեկացնում են, որ 2021թ. հունիսի 26-ին՝ ժամը 22:15-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի տներից մեկի 33-ամյա բնակիչը իր տան հյուրասենյակում՝ զարմիկին ապօրինաբար կյանքից զրկելու՝ սպանելու դիտավորությամբ, պայթեցրել է իր կողմից ապօրինի ձեռք բերած պայթուցիկ սարքը՝ ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է, իսկ տղամարդը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով նույնպես մահացել է:
«Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդված 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել ու առգրավվել են պայթուցիկ սարքի լծակ և պահպանիչի օղակ, ինչպես նաև պայթուցիչի կտորներ և թվով 3 հատ 7,62 տրամաչափի փամփուշտներ: Կատարվել են քննչական և դատավարական այլ գործողություններ: Նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է»,- նշված է հաղորդագրությունում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: