Սիբիրյան խոցի 7 դեպք Շիրակի մարզում
Շիրակի մարզի Իսահակյան գյուղում սիբիրյան խոցի դեպքեր են հայտնաբերվել. 7 անձ տեղափոխվել է Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոց։ News.am-ի հետ զրույցում գյուղի վարչական ղեկավար Արտավազդ Արսենյանն ասել է, որ հունիսի 30-ին սիբիրյան խոց ախտորշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 4 տղամարդ ու մի կին, իսկ հաջորդ օրը՝ հուլիսի 1-ին, ևս մեկ տղամարդ ու կին։ Հիվանդանոց տեղափոխած բնակիչները անասուն մորթողներն ու դրանց միսը մշակողներն են եղել։
«Առավոտյան իրենց հետ խոսել եմ, վիճակները նորմալ է, բարդություններ չկան, գյուղում ուրիշ բողոքներ էլ չեն եղել»,- ասել է Արսենյանը։
Իսահակյան գյուղում նախորդ օրերին մանր և խոշոր եղջերավոր անասունների 12 անկման դեպք է տեղի ունեցել։ Այսօր արդեն ևս 1 խոշոր եղջերավոր անասուն է սատկել։ Երեկ սիբիրախտի դեմ ամբողջ գյուղի գլխաքանակը նորից պատվաստվել է:
News.am-ի հետ զրույցում Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Աստղիկ Բեյբությանն ասել է, որ սիբիրախտով վարակված բնակիչների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։
Նշենք, որ Իսահակյան գյուղի անասնաբույժ Ռուստամ Սիմոնյանը ինքնասպան է եղել։ Գյուղի վարչական ղեկավարն ասել է, որ դեպքը տեղի է ունեցել երեկ՝ հուլիսի 1-ի առավոտյան։